«Վերջին 10 տարում ես չեմ տեսել մի հոդված, որտեղ դատավորը ներկայացված է դրական լույսի ներքո, իսկ հակառակները՝ բազմաթիվ են»․ Նորա Կարապետյան

Վճռաբեկ դատարանի դատավոր Լիլիթ Թադևոսյանի հարցին, թե դատական իշխանության և արդարադատության հանդեպ վստահության ամրապանդման համար ի՞նչն է կարևոր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածու Նորա Կարապետյանը պատասխանեց, որ կարևորում է սեփական աշխատանքը տեսանելի դարձնելը․ «Ուղղակի հասցնել աշխատանքը ուժերի գերծանրաբեռնմամբ անել և ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու ոչ ժամանակ, ոչ ցանկություն, ոչինչ չի մնա»։

Նրա խոսքով՝ համակարգին տարիներ շարունակ խանգարել է այն, որ սեփական աշխատանքը ցույց չեն տվել հանրությանը։ Կարապետյանը խոսեց նաև ԶԼՄ-ների գործառույթի մասին․ «Վերջին 10 տարում ես չեմ տեսել մի հոդված, որտեղ դատավորը ներկայացված է դրական լույսի ներքո, իսկ հակառակները՝ բազմաթիվ են։ Սա չի կարող չազդել հասարակական տրամադրությունների և ընկալումների վրա։ Այս իմաստով ես կարծում եմ, որ մեր աշխատանքը տեսանելի դարձնելը առանձին ծրագրերի իրականացման արդյունք է»։

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի հարցին, թե ըստ Կարապետյանի՝ ո՞րն է այն ամենաարդյունավետ գիտական աշխատանքը, որ ինքը կատարել է, նա պատասխանեց, որ ամենաարժեքավորը «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների» ձեռնարկն է․ «Դա Հայաստանի Հանրապետությունում աննախադեպ էր, որովհետև պարունակում էր այդ թվականի բոլոր որոշումները և այդ ձեռնարկը օգնում էր՝ այդ հոդվածի վերաբերյալ ցանկացած իրավական դիրքորոշում գտնելուն»,-եզրափակեց Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել