Հարցին, թե՝ ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները երաշխավորվա՞ծ են միջազգային չափանիշներին համապատասխան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված թեկնածու Աննա Մարգարյանը պատասխանեց, որ սխալ կլինի ասել, թե այդ ոլորտում անելիք չկա, նաև ասել, որ որևէ երկրում այդ հարցը լիարժեք լուծված է՝ դարձյալ սխալ կլինի․
«Հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության տեսակետից մենք ունենք մի քանի խնդիրներ․ դրանք և օրենսդրական մակարդակում են, և կիրառական։ Որպես իրավաբան՝ կարծում եմ՝ կհամաձայնեք, որ ինչքան էլ օրենսդրական կարգավորումները տեղում լինեն, եթե մենք չունենանք դրանց կիրառման ընթացակարգ՝ այդ ամեն ինչը մնում է թղթի վրա։ Մենք կարող ենք շատ լավ գաղափարներ առաջարկել, կարող ենք շատ լավ օրենսդրություն ունենալ, բայց եթե պրակտիկայում մեխանիզմը չի աշխատում, այս պարագայում խնդիրներ առաջանալու են»։
Նա նշեց, որ թեքահարթակների տեղադրումը հիշյալ խմբի անձանց իրավունքները պաշտպանված համարելու համար բավարար չեն և, օրինակ, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շենք մուտք գործելու համար, եթե անձը եկել է սայլակով, ապա խնդիրներ ունի․ «Միակ տարբերակը կենտրոնական մասնաշենքի հատվածով մուտք գործելն է, բայց այդ դեպքում ևս աստիճանների է հանդիպելու․ այսինքն լուծում չկա»։
Մարգարյանի խոսքով՝ կարգավիճակի ստացման հետ կապված հարցերը ևս խնդիրներ են առաջացնում․ «Հաշմանդամության կարգավիճակի ստացումը 1 տարվա կտրվածքով՝ չափանիշների դիտարկումը, իրենց նկատմամբ վերաբերմունքը, աշխատանքի ընդունվելիս հավասար հնարավորություններ տալը, արտոնությունների տրամադրումը․ այս ամենը պետք է արվի՝ խտրականությունից զերծ պահելու նպատակով»։
Թեկնածուն ամփոփեց՝ նշելով, որ այս խնդրի հետ կապված դեռ շատ անելիքներ կան։
Մանրամասները՝ տեսանյութում։