Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա միջոցառումների շրջանակում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժանք:
Միջոցառմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն – ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
Արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովման համար քաղաքացիական պաշտպանության միջոցառումներն առաջնային են: Կարևոր է նաև իրազեկումն ու պատրաստվածությունը:
Երևանի դպրոցներում, մանկապարտեզներում ու նաև համայնքային ենթակայության այլ կազմակերպություններում իրականացվում են վարժանքներ, սեմինար պարապմունքներ, քննարկումներ: Գործարկվում են նաև էլեկտրաշչակներ:
Երևանի քաղաքապետարանը ՆԳՆ փրկարար ծառայության հետ տարվա ընթացքում շարունակելու է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված տարբեր ծրագրեր:

