ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային 12-րդ ֆորումի մասնակիցներին ողջույնի խոսքում նշել է, որ երկու երկրների տարածաշրջանների համագործակցությունը մեծ ներդրում ունի նրանց ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդման գործում։
Տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ բարի ավանդույթ դարձած հանդիպումներն անմիջական երկխոսություն են ապահովում պետական մարմինների և հասարակական, գիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչների միջև միջտարածաշրջանային համագործակցության արդի հարցերի շուրջ։
«Այս տարի համաժողովի օրակարգը, ինչպես միշտ, ծավալուն է և բովանդակալից։ Ուշադրության կենտրոնում են արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության զարգացման տարբեր ասպեկտները, փոքր և միջին բիզնեսին աջակցելը, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ նախագծերը»,- իր ողջույնի հաղորդագրության մեջ ընդգծել է ՌԴ նախագահը։
Ռուսաստանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ֆորումի շրջանակներում քննարկումները կլինեն օգտակար և կառուցողական, ինչպես նաև նոր խոստումնալից գաղափարների ու նախաձեռնությունների տեղիք կտան։