Ինչպես է պետությունն աջակցում փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպիսին են ՓՄՁ-ի իրավական պայմանները, ֆինանսավորման հնարավորությունները Հայաստանում: Այս և այլ հարցերի պատասխանները փոքր և միջին ձեռնարկատերերը կստանան եռօրյա սեմինարի ժամանակ: Այն կազմակերպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը Տնտեսական լրագրողների ակումբի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հետ համագործակցությամբ:
Հիմնադրամն արդեն 4 տարի Հայաստանում սոցիալ-տնտեսական շուկայական հարաբերությունների զարգացմանը նվիրված միջոցառումներ է իրականացնում:
«Որպես թիրախային խմբեր` փոքր և միջին ձեռնարկատերերի ենք ընտրել ոչ միայն Երևանից, այլ նաև մարզերից: Կարևորում ենք նաև մարզերում իրազեկության մակարդակի բարձրացումը, քանի որ շատերը կան, որ տեղեկացված չեն իրենց իրավունքների մասին, իրենց պարտականությունների մասին, այն հարկային արտոնությունների մասին, որոնք իրենց տրվում են»,- ասաց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագծի ղեկավար Լիաննա Մարուքյանը:
«Նման ձևաչափով սեմինարներ շատ քիչ են պատահում: Սեմինար, որի ընթացքում կարող ենք լրագրողներնս մեր աշխատանքի ընթացքում ստացած ինֆորմացիան հայտնել Ձեզ ՓՄՁ ոլորտից և ընդհանարպես գործարար ոլորտից, իրավաբաններից ստանալ իրենց դաշտից եկած արձագանքները և նաև ստանալ Ձեր կողմից բարձրացված խնդիրները, որոնք, բնականաբար, պետական որևէ կառույց մոտ կամ չեն հասնում, կամ հասնելու դեպքում անհրաժեշտ արձագանք չեն ստանում»,- սեմինարի ժամանակ նշեց Տնտեսական լրագրողների ակումբի ղեկավար Աննա Բաղդասարյանը:
«Շատ կարևոր է, որ այս միջոցառումը հնարավորություն է տալու ինչպես փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին վեր հանել այդ ոլորտի խնդիրները, այնպես էլ տեսնել, թե պետական աջակցության ինչ ծրագրեր կան, այդ թվում` օրենսդրական բարեփոխումների, իրավական և ֆինանսական աջակցության, որովհետև այս բոլոր ուժերը համատեղելով է հնարավոր հաջողության հասնել»,- հայտնեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
Եռօրյա սեմինարի վերջին օրը փոքր և միջինձեռնարկատերերը կայցելեն Աբովյան քաղաքում գտնվող մի ձեռնարկություն և կծանոթանան բիզնեսի հաջող կառավարման օրինակի: