Գևորգ Կոստանյանի կինն անշարժ գույքեր է ձեռք բերել ՌԴ-ում և Հունաստանում․ դատախազությունը պահանջում է դրանք բռնագանձել

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունվարի 23-ին, շարունակվեց հետախուզման մեջ գտնվող նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, նրա նախկին կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի, Գևորգ Կոստանյանի համակուրսեցու՝ Արման Գալստյանի, վերջինիս կնոջ՝ Թերեզա Գևորգյանի և նախկին Գլխավոր գլխավոր դատախազի եղբորորդու՝ Արա Կոստանյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումի քննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Լիլի Դրմեյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանը թույլատրեց միայն նիստը լուսանկարահանել։ Պատասխանող կողմը առարկեց, որպեսզի այն տեսանկարահանվի։ Նախագահող դատավորի հարցին՝ ո՞րն է պատճառը, Գևորգ Կոստանյանի փաստաբան Վարազդատ Ասատրյանը նշեց․ «Ճիշտ ասած՝ պատճառ չկա»։

Մյուս պատասխանողների ներկայացուցիչները միացան առարկությանը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը հայտնեց, որ հայցի հիմքում և առարկայում փոփոխություն կատարելու վերաբերյալ միջնորդություն է ուզում ներկայացնել։

Լիլի Դրմեյանը դատախազին խնդրեց միջնորդությունը ներկայացնելիս չհրապարակել բանկի անվանումը, բանկային հաշվեհամարի և կատարված գործառնությունների ամսաթվերը։

Նելլի Տեր-Թորոսյանը նշեց, որ Գևորգ Կոստանյանի կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի կողմից բանկերից մեկում ունեցած հաշվեհամարից կատարվել են անշարժ գույքերի ձեռքբերմանն ուղղված շուրջ 7,6 միլիոն ռուբլիի (շուրջ 51,7 միլիոն դրամ) և շուրջ 8,5 միլիոն ռուբլիի (շուրջ 57,5 միլիոն դրամ) փոխանցումներ, որոնք, ըստ դատախազության, ամբողջությամբ ապօրինի են։

«Դրանք ուղղված են եղել 2 անշարժ գույքերի ձեռքբերմանը։ Քանի որ անշարժ գույքերը գտնվում են Ռուսաստանի Դաշնության Խիմկի քաղաքում, բռնագանձման է ենթակա գույքը կամ դրա ձեռք բերման արժեքը, այսինքն ընդհանուր 16 միլիոն 175 հազար 500 ռուբլուն համարժեք 109 միլիոն 346 հազար 380 դրամը։ Հարկ է նկատել, որ Լիլիթ Կոստանյանի անունից լիազորագրով հանդես է եկել Արման Գալստյանը, ով Գևորգ Կոստանյանի համակուրսեցին և ընկերն է։ Գալստյանը նաև Ջրվեժում գտնվող առանձնատան տիտղոսային սեփականատերն է»,-նշեց դատախազը։

Բացի այդ, 2018-ի ապրիլին Լիլիթ Գալստյանը Հունաստանում բացված հաշվեհամարին դատախազությանն անհայտ միջոցներից կանխիկ եղանակով փոխանցել է 145 միլիոն 975 հազար դրամին համարժեք 250 հազար եվրո գումար, որի օրինական մասը կազմել է 23 միլիոն  287 հազար դրամ։ Նելլի Տեր-Թորոսյանը հայտնեց, որ նշված գումարով նախկին Գլխավոր դատախազի կինը ձեռք է բերել բնակարաններ Աթենք քաղաքում։

Հայցվորի ներկայացուցիչը նշեց նաև, որ վերոնշյալ գույքերը բռնագանձման են ենթակա ոչ թե այն հիմքով, որ դրանց իրական շահառուն Գևորգ Կոստանյանն է, այլ այն պատճառով, որ դրանք ձեռք են բերվել ամուսնության ընթացքում․ «Ձեռք բերված գույքերը համատեղ սեփականություն են, իսկ դա համարվում է անձին պատկանող գույք»։

Դատախազը հայտնեց նաև, որ ներկայացված տվյալները նոր չեն, քանի որ Հունաստանի գույքի մասին նշված է եղել դատարան ներկայացված հայցադիմումի մեջ, սակայն ստացված փաստաթղթերը թարգմանության փուլում են եղել․ «ՌԴ-ում գտնվող գույքերի մասով տվյալ չենք ստացել, ուղղակի գնահատել ենք այն տվյալները, որոնք արդեն իսկ առկա էին»։

Գևորգ Կոստանյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը դատարանում հայտնեց, որ միջնորդությունը վերաբերում է կողմերի՝ ամուսնալուծությունից հետո գրանցված գույքային իրավունքներին, որը պատասխանող կողմը կհիմնավորի։ Փաստաթղթերի համաձայն՝ Գևորգ Կոստանյանը և Լիլիթ Կոստանյանն ամուսնալուծվել են 2018-ի հոկտեմբերի 9-ին, սակայն դատախազության հայտնած տվյալները վկայում են այն մասին, որ նրանց ամուսնալուծությունը կրել է ձևական բնույթ։

«Պարզվել է, որ Գևորգ և Լիլիթ Կոստանյանները բազմիցս հատել են ՀՀ սահմանը միաժամանակ և նույն ուղղությամբ։ Բացի այդ, վերջիններս մինչ օրս շարունակում են հաշվառված մնալ նույն հասցեում։ Պատահական չէ այն հանգամանքը, որ Լիլիթ Կոստանյանը համապատասխան փոխանցումներն արտասահման կատարել է ամուսնալուծությունից հետո։ Վերոնշյալը փաստում է այն մասին, որ ամուսնալուծության միջոցով փորձ է արվել քողարկել համատեղ տնտեսություն վարելու հանգամանքը և գույքերի ձեռքբերումներին ուղղված գումարային փոխանցումների իրական շահառուին։ Իրական շահառուն հանդիսացել է Գևորգ Կոստանյանը»,-դեռևս ապրիլին, գործով առաջին նիստի ժամանակ հայտնել էր դատախազը։

Լիլի Դրմեյանն արձանագրային որոշմամբ բավարարեց ներկայացված միջնորդությունը։ Դատավորը մինչև փետրվարի 5-ը ներառյալ ժամանակ տվեց պատասխանողի ներկայացուցչին փոփոխված հայցի դեմ պատասխան ներկայացնելու համար։ Դատական քննությունը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 9-ին։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել