Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության, ինչպես նաև գերեվարված և դատապարտված անձանց ազատ արձակման ուղղությամբ կոնկրետ քայլերի և միջազգային կազմակերպություններում Երևանի և Բաքվի միմյանց աջակցելու մասին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գրում է РИА Новости-ն։
Նա նշել է, որ ռուսական կողմը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերեվարված զինվորականներին ազատ արձակելու համաձայնությունը։ «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ազատ արձակման գաղափարը առաջ է քաշվել Ռուսաստանի կողմից, ասվում է մեկնաբանության մեջ։
Ընդգծվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է շարունակել ամեն կերպ աջակցել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի կնքման և քաղաքացիական հասարակության միջոցով շփումների հարցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողներին։