ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնվել է ԻԱԿ-ի Սև ցուցակում

Տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման պրակտիկան այսօր ցույց է տալիս, որ որպես կանոն տեղեկություն ստանալու հարցումների մեծամասնությունն անպատասխան չի մնում` տեղեկություն տնօրինող գրեթե բոլոր մարմիններն էլ արձագանքում են ԻԱԿ-ի ՏԱ հարցումներին` առնվազն կրկնակի հարցմանը տրամադրելով պատասխան: Հարկ է սակայն նշել, որ սա պատասխան գրությունների որակական ցուցանիշ չէ. դեռևս շատ են թերի պատասխանները, անհիմն մերժումները և անհիմն պատասխանները, որոնք, սակայն, նախկինում սև ցուցակում չէին արտացոլվում: Այս մասին հայտնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը:

Վերոնշյալը հաշվի առնելով` 2013թ.-ի հուլիսի 11-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայտարարել է, որ այդուհետ խստացնում է Սև ցուցակի չափորոշիչները և 2013թ.-ի 3-րդ եռամսյակի և հաջորդ բոլոր Սև ցուցակներում ներառվելու են ոչ միայն ՏԱ հարցումներն անպատասխան թողած, այլ նաև ՏԱ հարցումներին պատասխանելու՝ օրենքով սահմանված ժամկետները խախտած, ինչպես նաև անհիմն մերժումներ, անհիմն պատասխաններ տրամադրած տեղեկություն տնօրինողները։

Մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2013թ.-ի 3-րդ եռամսյակի ընթացքում մի շարք այլ անձանց հետ միասին խախտել է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

2013թ.-ի օգոստոսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային ժողովին` խնդրելով տրամադրել տեղեկություններ ՀՀ ԱԺ-ի ծառայողական բջջային հեռախոսահամարների վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 6 օր անց ԱԺ-ն միջանկյալ գրությամբ հայտնեց, որ խնդրվող տեղեկությունները տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի հարցման պատասխանը կտրամադրվի “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով նման դեպքում սահմանված 30-օրյա ժամկետում: ԱԺ-ն ընդամենը կես էջ բովանդակությամբ ուշացած լիարժեք պատասխան է տրամադրել 30-օրյա ժամկետի ավարտից հետո` 2013թ.-ի հոկտեմբերի 1-ին, ուստի Սեւ ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել