«Իմ հարևանը մնացել է Արցախում, իրավունք չունի մեկի հետ հեռախոսով խոսել»․ տիկին Աիդան գաղթի ճանապարհին մահեր է տեսել

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղեհանված Աիդա Ադամյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում նշեց, որ ստիպված է եղել բռնի տեղահանվել նաև Բաքվից։

«1977 թվականին ամուսնացել եմ Բաքու, մինչև 1988 թիվն այնտեղ եմ ապրել։ Հետո եկանք Հայաստան։ Աշխատում էի Բաքվի մանկապարտեզներից մեկում։ Այնպես ստացվեց, որ երեք օրվա ընթացքում սկեսուր, սկեսրայր, ամուսին, ինձ՝ բոլորիս աշխատանքից հանեցին, երեխաներին էլ դպրոցից հանեցին։ Մենք դատարկ գնացինք Հադրութ։ 20 տարի մնացի այս մեկի տանը, այն մեկի տանը։ 20 տարուց հետո տուն տվեցին Տող գյուղում։ Ամուսինս մահացավ, բոլոր հոգսերը մնացին ինձ վրա։ Հետո Հադրութը վերցրին, փախանք, եկանք Ստեփանակերտ»,-ասաց նա։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հերթական ագրեսիայից հետո տիկին Աիդայի թոռները դիրքերից չեն եկել, շրջափակման մեջ են ընկել։

«Որ իմանաս ինչ օրեր եմ քաշել։ Մեկը մի երեք օրից է գալիս, մի երկու օրից էլ մյուսն է գալիս։ Իրենք իրենց ոտքով, անտառներով։ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունը որ եղավ, մենք արդեն ճանապարհին էինք։ Բենզին չունեինք, տղաս ասաց, որ հետ գնանք, բենզին ճարենք։ Հետ գնացինք, այդքան բանը տեսանք, լսեցինք, որ այդքան զոհեր ունենք։ 3 օր ճանապարհ եկանք»,-ասաց մեր զրուցակիցը։

Տիկին Աիդայի խոսքով՝ Արցախում հյուսիս, հարավ, ամեն կողմից կրակել են։

«Հետո սրտաճաք դառած սկսեցին շենքից դուրս գալ, մեկը լացում է, մյուսը դողում է։ Ասին՝ կռիվ է սկսվել։ Կռիվ է սկսվել, հիմա ո՞ւր գնամ։ Երեխեքս չկան, տղաս տանը չի։ Դե ասացի՝ հիմա ինչ էլ լինի, պետք է այնքան սպասենք, որ երեխաներս գան։ Նկուղներում ենք անցկացրել, բայց ես չէի կարողանում նկուղում մնալ։ Հարսս ասաց՝ ո՞ւր ես գնում, ասացի, թող մի բան լինի՝ ինձ լինի, բայց ես չեմ կարող այստեղ մնալ»,-ասաց նա։

Մեր զրուցակիցը պատմում է նաև շուրջ 9 ամիս շրջափակման մեջ ապրելու մասին՝ նշելով, որ ինքն ամբողջ օրն անցակցրել է հերթերում։

«Այն էլ ինչ հաց էր, որ խոզին էլ տաս, խոզը չի ուտի։ Թեփը՝ եգիպտացորենի հետ խառնած։ Մեջը մնում էր եգիպտացորենի կոպիտ կեղևը։ Ձեռքերս ծակոտում էր։ Այնպես էր ստացվում, որ հաց չեն տվել, բայց խմորն են տվել։ Ոչ մի բան չկար, խանութները դատարկ։ Գյուղերից ապրանք էին բերում՝ թանկ, կրակ ու գին։ Մեկ ձուն 700 դրամ էր։ Բայց էլի մենք ասում էինք՝ վերջում լավ կլինի, Արցախին վերջապես մի ստատուս կտան։ Ամեն ինչ տարանք, սուս արեցինք։ Հրապարակում ասացինք՝ մենք ամեն ինչ կտանենք, միայն թե մնանք Արցախում։ Հակարիի կամուրջն անցնելիս՝ ես շատը երեխեքիցս էի վախենում։ Որ կռվի մասնակից էին, կարող է վերցնեին ու տանեին։  Ես կուզեի Արցախ վերադառնալ, բայց ոչ Ադրբեջանի կազմում։ Հիմա այնտեղ մի քանի ղարաբաղցի կա, մեկին, որ ես ճանաչում եմ, իմ մոտիկ հարևանն է։ Նա իրավունք չունի հեռախոսը վերցնել, խոսել իր ազգականի հետ, իր հարևանի հետ, իր բարեկամի հետ։ Դա դառնում է ի՞նչ, դառնում է կյա՞նք»,-ասաց նա։

Աիդա Ադամյանն ասում է, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր, միայն թե մեքեաներով փախան։

«Անկազմակերպ, ոչ ոք չէր վերահսկում, ոչ մի հատ շտապ օգնության մեքենա կար, ոչ ոստիկան կար։ Մեքենան կես մետր գնում էր, կանգնում։ Մարդ էր վատանում, մարդ մեռավ, ես տեսա, իմ տղան տեսավ, տղաս ասաց՝ մամա, ես կապեցի գլխաշորը։ Երեխա մահացավ, դրեցին բեռնախցիկի մեջ»,-գաղթի ճանապարհը նկարագրում է տիկին Աիդան։

Նրա ընտանիքը բաժան-բաժան է եղել։ Տուն չունեն, որ բոլորը միասին ապրեն։ Հիմա տիկին Աիդան տուն է խնդրում։

——————————————————————————————————————

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել