Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը:
Պաշտպանության նախարարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպում:
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ:
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև երկկողմ համագործակցության պլանը։
Այնուհետև Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։

