«Մի քանի ժամվա ընթացքում 100 զոհ ու 200 վիրավոր տվեցինք»․ Արցախից բռնի տեղահանված 83-ամյա տղամարդը՝ Ադրբեջանի անմարդկային գործողությունների մասին

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 83-ամյա Ռաֆայել Հայիրյանն ունի առողջական խնդիրներ։ Նրան Արցախից Հայաստան են տեղափոխել մեքենայի հատակին պառկած։ Նա Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում ցանկություն հայտնեց ներկայացնել նաև իր պատմությունը։

Ռաֆայել Հայիրյանը հայտնեց, որ շրջափակման օրերն անցկացրել է հոգեբանական սթրեսի մեջ։ Անշարժ պառկած է եղել։

«Տեղեկություններ եկավ, որ ժողովուրդն առանց դիմադրության պետք է դուրս գա։ Ում կարողանում էին կոտորում էին, ով կարողանում էր փախնում էր։ Անգամ իմ եղբոր երեխան, որ դիրքերում է եղել ո՛չ անձնագիրն է վերցրել, ո՛չ վարորդական վկայականը, ո՛չ զինգրքույկը։ Ամեն ինչ թողել է այնտեղ։ Մի կերպ դուրս են եկել։ Նա է մեզ դրել իր հոր մեքենայի մեջ, բերել այստեղ»,-նշեց մեր զրուցակիցը։

Պարոն Ռաֆայելը հիշում է, որ Հակարիի կամուրջն անցնելիս՝ ադրբեջանցիները կանգնեցերլ են իրենց մեքենան և ստուգել են։

«Նախորոք հայտարարություն էին արել, որ անգամ հաց կտրելու դանակը իրավունք չունենք վերցնենք։ Մեզնից խլելու բան չկար մեքենայում։ Եկել, դուռը բացել են, ես հատակին պառկած։ Երեք գիշեր այդպես ճանապարհ ենք անցել»,-ասաց նա։

Ռաֆայել Հայիրյանի խոսքով՝ Ադրբեջանի գործողությունները ոչ մարդկային են եղել։

«Մարդ կոչեցյալը նման բան չի անի, երեխա չի մորթի, կնոջ չի սպանի, բռնաբարի, մարդու գլուխ չի կտրի, չի անդամահատի, բայց թուրքն այս բոլորին ընդունակ է։ Այս աշխարհի գերտերությունները չեմ հիմանում, թե ուր են նայում, որ Ալիևը մեզ կոտորում է, գնում է բարձր ատյաններում ասում է՝ իմ դուռը բաց է հայերի համար, բոլորը կարող են գալ։ Այնտեղ էլ հավատում են։ Եվրամիության դիտորդների ներկայությամբ էլի կոտորեցին հայերին, բայց Եվրոպան ոչ մի բան չարեց։ Էլի այդքանից հետո Ալիևը գնում է բարձր ատյաններից խոսում ու բոլորն իրեն հավատում են, թե հայը մեղավոր է։ Հայը ի՞նչ մեղք ունի»,-ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ ինքն իր ազգի 5-րդ սերունդն է․ «Դե հիմա պատկերացրու՝ այդ տարածքը երբվանից է հայինը, բայց թուրքը փողի միջոցով ասում է՝ մերն է»։

Պարոն Ռաֆայելն ասում է՝ Արցախի ժողովրդին 2․5 տարի է «քոռ դանակով» քերթում էին։

«Արցախում ո՛չ աշխատատեղ կար, ո՛չ հանք կար, ո՛չ գործարան կա, ոչ մի բան։ Տես՝ Արցախի ժողովուրդն ինչքան ամուր ժողովուրդ է, որ 2 տարի դրան դիմացել է։ Հիմա այդքան դիմացել ենք, լրիվ մերկացել։ Ժողովրդի վիճակը անասելի վատթար է եղել։ Մի քանի ժամվա ընթացքում 100 զոհ ու 200 վիրավոր տվեցինք ու ոչ մի լուր չկա, որ տեսնենք՝ ո՞վ է դրա պատասխանատուն կամ ո՞ւմ են հիմա պատասխանատվության կանչում։ Արցախցին մերկ-մերկ 1988 թվականին պայքարել է, հաղթել է, 7 շրջան ազատագրել է։ Ես մի անգամ այնտեղ ասել եմ՝ հայ ազգը կյանքում նման հաջողություն չի ունեցել, եթե այս անգամ էլ հայ ազգը չկարողացավ այս հաջողությունը պահպանել, ուրեմն սա ազգի վերջն է»,-ասաց նա։

——————————————————————————————————————

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել