2021 թվականի մայիսից մինչև 2023 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում Իսրայելի անհամաչափ հարվածները Գազայի վրա ռազմական հանցագործություն է, իսկ Գազա մարդասիրական օգնության մուտքի արգելքը խախտում է միջազգային իրավունքը, ասվում է Իսրայելի և Պաղեստինի տարածքների հարցով ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովի զեկույցում, փոխանցում է РИА Новости-ն։
Հանձնաժողովը պարզաբանում է, որ զեկույցը «ցավոտ է և արդիական», բայց այն կազմվել է մինչև վերջին էսկալացիան և ընդգրկում է 2021 թվականի մայիսից մինչև 2023 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածը։
Զեկույցում նշվում է նաև, որ իսրայելական հարձակումների (Գազայում – խմբ.) հասցրած վնասներն ու զոհերը համաչափ չեն եղել ռազմական կարողությունններին, հետևաբար այդ գործողությունները ռազմական հանցագործություն են: Բացի այդ, հանձնաժողովը նշել է, որ Գազա սննդամթերքի ու բժշկական պարագաների մուտքի արգելքը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է։
Հանձնաժողովի անդամները նաև շեշտում են, որ իրենք ուսումնասիրել են Al Jazeera-ի լրագրող Շիրին Աբու Ակլեի սպանությունը և եզրակացրել, որ իսրայելցի զինվորականները «առանց հիմնավորման» մահաբեր ուժ են կիրառել՝ համաձայն մարդու իրավունքների միջազգային իրավունքի և «դիտավորյալ կամ անխոհեմ» խախտել են Աբու Աքլեի կյանքի իրավունքը։