«Ես լավ է գնամ ծառի տակ մնամ, քան թե թուրքի հետ ապրեմ»․ Արցախից բռնի տեղահանված Մարինա Սաղաթելյանն է պատմում

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Մարինա Սաղաթելյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ ինքը մինչև նոյեմբերի 7-ը մնացել է Արցախում։

«Նոյեմբերի 7-ին տղաս ասաց՝ մամ, դուրս եկեք, էլ Արցախում մարդ չկա, ասել եմ՝ ինձ Արցախն է հարկավոր։ Ես այդ ժամանակ կյանքս փրկելու մասին չէի մտածում։ Նոյեմբերի 7-ին դուրս եմ եկել, նոյեմբերի 9-ին ետ եմ դարձել»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ պատերազմից հետո, իրենք ամեն օր վախի և վտանգի մեջ են ապրել։

«Մի օր չի եղել, որ մարդ չի զոհվել, մի օր չի եղել, որ ինչ-որ ընտանիքի վնաս չտան»,-ասում է տիկին Մարինան։

Նա հիշում է, որ սեպտեմբերի 19-ին գնացել էր բանկ, երբ դուրս է եկել պայթյուններ են սկսվել։

«Եկա տուն, հարսս, թե՝ մա՜մ, խոխեքս դպրոցում են, տղաս էլ մեքենայով գնաց երեխաների հետևից։ Երեխաներին բերեց տուն։ Այդ օրն անցկացրեցինք մեկ նկուղում, մեկ տանը։ Հաջորդ օրն էլ գնացել եմ հացի փռում աշխատելու, որ երկու հաց տան, բերեմ խոխեքիս։ Սեպտեմբերի 27-ին, իմ ամուսնու մահացած օրը, տնից դուրս ենք եկել։ Անցակետում թուրքերը մեզ թխվածքաբլիթ և ջուր են տվել, ճանապարհին դեն ենք նետել, չենք վերցրել, բայց որ եկանք Հայաստան, այստեղ մեզ ամեն ինչ էլ տվել են, ջուր էլ են տվել, հաց էլ են տվել, երեխաներին քաղցրավենիք էլ են տվել։ Նույնիսկ 20 լիտր բենզին են տվել։ Մեզ շատ լավ դիմավորեցին և ճանապարհեցին»,-ասաց նա։

Տիկին Մարինան նշում է, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր և ընդգծում, որ չի կարող ինքը թուրքի հետ հաց կիսել։

«Ինձ ցանկություն չի եղել թուրքի հետ ապրել, ես լավ է գնամ ծառի տակ ապրեմ, քան թե թուրքի հետ ապրեմ։ Ես սոված կմնամ, բայց հետ չեմ գնա»,-նշեց մեր զրուցակիցը։

Մարինա Սաղաթելյանն այժմ գտնվում է Աբովյան քաղաքի մարզադպրոցում։ Նա նշում է, որ իրենց շատ են օգնել Աբովյանի քաղաքապետարանից, ինչպես նաև սպորտդպրոցի տնօրինությունը։

«Մեզ տեղ են տվել, մեզ սրտով ընդունեցին, իմ երեխաների գլխի վերևը տանիք կա ու երեխաս բակում չի քնում, փողոցներում չի քնում։ Ինչ եկել ենք, մատաղ են բերում, ես եմ բաժանում»,-ասում է տիկին Մարինան և արցունքների միջից ժպտում։

Մեր զրուցակիցը նշում է, որ իր և ընտանիքի ապագան պատկերացնում է Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։


Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել