Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը։ Հուլիսի 20-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին այն մասին, թե Ադրբեջանը պաշտոնապես դիմել է Հայաստանին՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ Երասխում կառուցվող խոշոր «մետալուրգիական» գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջով։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ գործարանի շինարարության դադարեցման պահանջով ՀՀ շրջակա միջավայրի նախարարին է դիմել նրա ադրբեջանցի պաշտոնակից Մուխթար Բաբաևը՝ ՄԱԿ-ի «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի («Էսպոյի» կոնվենցիա) ենթադրյալ խախտման հիմքով։
«Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիան միջազգային համաձայնագիր է, որը նախաձեռնվել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից և ընդունվել 1991 թվականին Էսպոյում (Ֆինլանդիա)։ Հայաստանը կոնվենցիային միացել է 1997, իսկ Ադրբեջանը՝ 1999 թվականին։ Համաձայն կոնվենցիայի՝ պոտենցիալ վտանգավոր նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը պետք է անցկացվի ոչ միայն պետության ներսում, այլ նաև սահմանամերձ երկրներում, որոնք կարող են ենթարկվել տվյալ օբյեկտների շահագործման ազդեցությանը։
Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի կողմից կոնվենցիայի ենթադրյալ խախտման հիմքով հետևյալն է. «Համաձայն կոնվենցիայի հավելված 1-ի՝ մետալուրգիական գործարանները ճանաչվում են որպես գործունեություն, որը կարող է բացահայտ բացասական անդրսահմանային ազդեցություն ունենալ։ Կոնվենցիայի 3.1-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանը պարտավոր է Ադրբեջանին ծանուցել շրջակա միջավայրի վրա նշված գործունեության ազդեցության մասին։ Սակայն Ադրբեջանը, որպես տուժած կողմ, Հայաստանից որևէ ծանուցում չի ստացել այս նախագծի վերաբերյալ»։ Ադրբեջանը, հղում անելով Կոնվենցիայի 3.7 կետին, Հայաստանից պահանջում է տեղեկատվություն փոխանակել՝ նախագծի անդրսահմանային բացասական ազդեցության քննարկման համար՝ պնդելով, որ Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի գործարանի կառուցումը՝ «մինչև նախագծի անդրսահմանային ազդեցության հետ կապված հարցերի ամբողջական պարզաբանումը և համարժեք քննարկումը»։
Կոնվենցիայով սահմանված՝ շրջակա միջավայրի պահպանության ապահովմանն ուղղված՝ պետությունենրի համագործակցությունը, այդ թվում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների վերաբերյալ միմյանց ծանուցելու և միմյանց հետ խորհրդակցելու պարտավորությունը միջազգային էկոլոգիական իրավունքի սկզբունք է, որը տարածված է միջազգային սովորութային իրավունքում և դատական, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի պրակտիկայում։ Օրինակ, դատարանը, քննելով Գաբչիկովո-Նադմարոշ (Gabčíkovo-Nagymaros) գործն՝ ըստ Հունգարիայի հայցի ընդդեմ Չեխոսլովակիայի (Սլովակիայի), հաստատել է, որ կողմերը Դանուբ գետի վրա ամբարտակների կառուցման հարցում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների վերաբերյալ միմյանց ծանուցելու և միմյանց հետ խորհրդակցելու պարտավորություն ունեն։
Միևնույն ժամանակ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պատասխանը չուշացավ։ Հուլիսի 24-ին գերատեսչությունից հայտնեցին, որ գործարանը չի կառուցվում որևէ խախտմամբ։ Նախատեսվող գործունեությունը ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում սև մետաղի ջարդոնի վերամշակումն է, ինչն ընդգրկված չէ Կոնվենցիայի գործունեության տեսակները սահմանող 1-ին Հավելվածում։ Բացի այդ, հաշվի առնելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 5-րդ մասը և 3-րդ հավելվածը, վերջինս չի կարող դիտարկվել նաև որպես զգալի անդրսահմանային վնասակար ազդեցություն ունեցող գործունեություն, քանի որ մթնոլորտային օդի, ջրային ռեսուրսների, կենդանական և բուսական աշխարհի օբյետների և հողային ռեսուրսների վրա որևէ բացասական ազդեցությունը բացառում է։ Ավելին, թափոնների կառավարումը ևս իրականացվելու է սահմանված օրենսդրական պահանջների համապատասխան։
Նշյալից փաստացի բխում է, որ քանի որ իրականացվող գործունությունը կոնվենցիայի գործունեությունից դուրս է, հետևաբար՝ բացակայում է վերջինիս անդրսահմանային ազդեցության հետ կապված՝ Հայաստանի՝ Ադրբեջանի կողմից ընդգծված պարտավորությունները։
Հատկանշական է, որ Ադրբեջանի անհիմն դիմումների մասին են վկայում նաև բնապահպանները։
Այստեղ կարևոր է հիշել նաև մեկ այլ դեպքի մասին, երբ Ադրբեջանի բողոքն անհիմն էր ճանաչվել։
2011 թվականին Ադրբեջանը բողոք էր ներկայացրել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով, որով Հայաստանին կրկին մեղադրել էր վերոնշյալ կոնվենցիայի պահանջները չկատարելու մեջ։ 2019 թվականի փետրվարի 7-ին կոնվենցիայի Կողմերի միջանկյալ հանդիպման ժամանակ Հայաստանի պատվիրակության ներկայացրած փաստերի հիման վրա ընդունվել էր պաշտոնական որոշում, որով հաստատվել էր, որ Հայաստանը լիովին կատարել ու կատարում է միջազգային կոնվենցիայի դրույթները և Ադրբեջանի բողոքն անհիմն էր համարվել։
Իսկ արդեն 2023-ի օգոստոտի 1-ին ադրբեջանական և թուրքական լրատվականները գրեցին այն մասին, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դիմել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը (ՏՀԶԿ) և Եվրոպայի խորհրդին (ԵԽ)՝ Հայաստանի «բնապահպանական հանցագործությունների» վերաբերյալ։ Լրատվականները նշում են, որ Ողջիի ենթադրյալ աղտոտման, ինչպես նաև Երասխ գյուղում կառուցվող գործարանի մասով Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից ՀՀ սահմանամերձ գոտում Արաքս և Ողջի գետերի «աղտոտվածության» փաստով հետաքննություն է ընթանում։ Նշված է նաև, որ Քաջարանի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Կապանի լեռնահարստացման կոմբինատների կողմից երկար ժամանակ Ողջիի անդրսահմանային աղտոտումը, ինչպես նաև Երասխ գյուղում առանց Ադրբեջանական կողմի հետ խորհրդակցելու խոշոր մետալուրգիական կոմբինատի կառուցումը և «շրջակա միջավայրի պահպանության չափանիշների խախտումը» առաջացրել են լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն, այդ կապակցությամբ էլ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմում է հղել ՏՀԶԿ-ին և ԵԽ-ին։
Մինչդեռ, իրականում Ադրբեջանի կողմից ՏՀԶԿ և ԵԽ դիմելը հետապնդում է մեկ՝ քաղաքական նպատակ՝ փորձելով միջազգային հանրությանը «իրազեկել» և վատ լույսի ներքո ներկայացնել ՀՀ-ին՝ որպես էկոլոգիական հանցագործություններ կատարող։ Նախ, անհրաժեշտ է նշել, որ թեև ՏՀԶԿ-ն և ԵԽ-ն կարող են տրամադրել ուղղորդում և փորձագիտական աջակցություն՝ կապված խնդրո առարկա «Էսպոյի» կոնվենցիայի և Ադրբեջանի կողմից մատնանշված՝ ՄԱԿ-ի մեկ այլ՝ «Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին» կոնվենցիայի իրականացման հետ, ներառյալ՝ լավ կառավարման պրակտիկաների խթանումը և կարողությունների զարգացումը, վերջիններս չունեն նշյալ կոնվենցիայի պարտավորությունների հետ կապված հանձնարարականներ տալու իրավասություն։
Իրավական դաշտում վերջինիս պնդումների անհիմն և անհեռանկարային լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանը չի դիմել Էսպոյի կոնվենցիայի իրականացման կոմիտեին, որը միտված է գնահատելու պետությունների կողմից կոնվենցիայի դրույթների կիրարկման համապատասխանությունը և այդ նպատակով պետություններին առաջարկություններ ներկայացնելու։ Վերջինս հարցին փորձել է այլ լուծում տալ՝ բազմիցս կրակ բացելով գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու մարդ է վիրավորվել։
Iravaban.net-ը Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության վերաբերյալ հարցումներ է ուղարկել ՀՀ կառավարություն, Գլխավոր դատախազություն, Շրջակա միջավայրի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Արդարադատության նախարարություն, Ազգային ժողով ու ստացել պատասխանները։ Նշված գերատեսչություններից և ոչ մեկը նշված թեմայի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի։ Միջազգային կառույցները ՀՀ նշված պետական մարմիններին որևէ ձևաչափով չեն դիմել։
Ավելին, նշված դիմումի զարգացումների, դրա վերաբերյալ ենթադրյալ արձագանքի մասին չի գրել անգամ ադրբեջանական մամուլը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ի հավելումն վերոգրյալի, նշել նաև, որ ՀՀ կառավարության դիրքորոշումը նմանօրինակ հայտարարությունների վերաբերյալ բազմիցս ներկայացվել է ՀՀ վարչապետի կողմից Կառավարության նիստերի ժամանակ, ինչպես նաև հրապարակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։
Արդեն երկար ժամանակ է ադրբեջանան կողմը չի դադարում իր հարձակումները Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի վրա, որը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից մեկն է։ Հայաստանի տնտեսության վրա ներգործելու Ադրբեջանի ցանկությունն այնքան մեծ է, որ այդ գործին է լծել ոչ միայն «էկոակտիվիստներին», այլ նաև իրավապահ համակարգը, պետական ապարատը։
Հատկանշական է, որ Հայաստանը ևս կարող է համանման գործընթացներ ձեռնարկել՝ Ադրբեջանի կողմից անդրսահմանային նշանակություն ունեցող աղտոտման հետ կապված՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի տարածքում նավթատարների, գազատարների կողմից և առհասարակ Կասպից ծովի օգտագործմանն ուղղված գործունեությունը բազմաթիվ ասպեկտներով ունի անդրսահմանային նշանակություն՝ ընկնելով վերոնշյալ կոնվենցիաների գործողության ներքո։
Դեռևս 2022-ին Բաքվում անցկացվող Կասպից ծովին նվիրված համաժողովի ընթացքում Ադրբեջանի ԳԱԱ ակադեմիկոս Ֆահրեդդին Գադիրովն ասել էր, որ շարունակում է հրատապ խնդիր մնալ Կասպից ծովի և հարակից տարածաշրջանի երկրաբանական ու բնապահպանական խնդիրների գիտական ուսումնասիրությունը։
«Կասպից ծովում նավթի և գազի ինտենսիվ հետախուզման և արդյունահանման ֆոնին մենք բախվում ենք բազմաթիվ էկոլոգիական սպառնալիքների: Դրանք են՝ Կասպից ծովի մակարդակի տատանումները, երկրաբանական վտանգները՝ կապված ծովի հատակի դեֆորմացիաների հետ, ինչպես նաև էկոլոգիական խնդիրները՝ կապված աղտոտման հետ: Հրատապ խնդիր է նաև Կասպից ծովի ամենահարուստ կենսաբանական պաշարների պահպանումը։ Սրանք խնդիրներ են, որոնք սպասում են միասնական լուծման»,- ասել էր Գադիրովը։
Նա հավելել էր, որ ուսումնասիրությունների համաձայն՝ ծովի ջրի մակարդակը կտրուկ տատանվում է, այն կարող է ցամաքել․ «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 100 տարի առաջ Կասպից ծովի մակարդակը 2 մետրով բարձր էր։ 20-րդ դարի 30-ական թվականներին ջրի մակարդակը իջել է 1,5 մ-ով, իսկ 1978-1995 թվականներին գրանցվել է 2,7 մ բարձրացում։ 2005 թվականից ջրի մակարդակը տարեկան նվազում է 10 սմ-ով։ Կասպից ծովի հյուսիսարևելյան հատվածը կարող է արժանանալ Արալյան ծովի ճակատագրին, եթե այդ փոփոխությունները պահպանվեն 25-30 տարի»։
Սա է իրական վտանգը, որով պետք է զբաղվեն Ադրբեջանի իշխանությունները, երկրի Գլխավոր դատախազությունը։