ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի այցն Իրան

Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի, ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի, ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի, միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիի հետ:

Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։

Տեղի ունեցած հանդիպումների ընթացքում Վահան Կոստանյանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի հետևողական և հրապարակային դիրքորոշումը՝ վերահաստատելով, որ Հայաստանը փոխադարձաբար հաշվի է առնում Իրանի կենսական շահերը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել  «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը նախաստորագրելու և երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված վերջին առաջընթացի կապակցությամբ Իրանի շնորհավորանքն ու աջակցությունը:

Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ստորագրած համատեղ հռչակագրին՝ Վահան Կոստանյանն ընդգծել է, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում՝ համապատասխան վերոնշյալ հռչակագրի տառին և ոգուն: Կառուցողական մթնոլորտում մտքեր են փոխանակվել գործընթացի վերաբերյալ Հայաստանի և Իրանի դիրքորոշումների շուրջ, պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել մշտական երկխոսությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան շփումներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել