Դատավորն իր որոշմամբ, «կարմիր բերետավորների» ցուցմունքներով հերքել է Լևոն Քոչարյանին ծեծի ենթարկելու տեսանյութը․ փաստաբան

Սեպտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ 2-րդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, մեկ ամսով կալանավորվել է։ Որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։

Պաշտպանական կողմը ինքնաբացարկի 2 միջնորդություններ է ներկայացրել, որոնք մերժվել են։ Այս և այլ հարցերի վերաբերյալ Iravaban.net-ը զրուցել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ, որը ստանձնել է Լևոն Քոչարյանի պաշտպանությունը։

Փաստաբանը խափանման միջոցի ընտրության հարցի քննարկումը «զավեշտալի» որակեց։ Նա հիշեցրեց․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տված բարեվարքության գնահատման եզրակացությունից ելնելով՝ ՀՀ նախագահը չի ստորագրել Մասիս Մելքոնյանի՝ դատավորի պաշտոնում նշանակված լինելու մասին հրամանագիրը։ Դատավորը նախկինում կուսակցական է եղել, փաստաբանի պնդմամբ՝ նա ատելության խոսք է հնչեցրել 2-րդ նախագահի հասցեին։

«Հաջորդ միջնորդությունը վերաբերում էր ազգակցական կապին։  Լևոն Քոչարյանի պաշտպաններից Գայանե Պապոյանը և դատավորը ազգականներ էին, սակայն դա ևս մերժվեց։ Մենք փորձում ենք փնտրել իրավական հիմքեր, հիմնավորումներ մի երևույթի վերաբերյալ, որը բնույթով իրավական չէ։ Մի ամբողջ հանրություն ականատես է եղել, թե ինչպես են Լևոն Քոչարյանին ծեծի ենթարկում ոստիկանական մեքենայում, «կարմիր բերետավորների» ցուցմունքներով դա հերքվել է։ Մասիս Մելքոնյանը «կարմիր բերետավորների» ցուցմունքներով հերքել է այդ տեսանյութը։ Այսինքն, ինչն առկա է տեսանյութում, դա իրականությանը չի համապատասխանում, ճշմարիտ են նրանց ցուցմունքները»,-նշեց փաստաբանը՝ հավելելով, որ դատավարության ընթացքում հիմնավոր կասկածի շեմը հաղթահարող որևէ փաստական տվյալ չկա։

Կոչուբաևի խոսքով՝ կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը «զուգարանի թղթից չի տարբերվում»․ «Ե՛վ զուգարանի թուղթը տեսնելիս, և՛ այդ փաստաթուղթը տեսնելիս դու չես հասկանում՝ ինչի համար է անձը կալանավորված։ Հետևաբար, դրանք հավասարազոր թղթեր են»։

Լևոն Քոչարյանի պաշտպանը հայտնեց նաև, որ գործը տեղափոխվել է Քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժին: Տեսակցությունների վերաբերյալ դատարանի որոշման մեջ որևէ նշում չկա, դրանք բաց են ընտանիքի անդամների համար։

«Ազգականներից ոչ մեկ չի այցելել Լևոն Քոչարյանին։ Նրանք այս օրերին շատ ավելի մեծ հարցեր ունեն, քան Լևոն Քոչարյանի կալանքն է։ Իր  ընտանիքի դիրքորոշումն այն է, որ Լևոն Քոչարյանն այս օրերին հավաքի վայրից ապօրինի կալանավորված մի քանի տասնյակ անձանցից մեկն է»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել