Նախագահը հրաժարվել է ստորագրել դատավորի նշանակման հրամանագիրը. այն ուժի մեջ է մտել իրավունքի ուժով

Բարձրագույն դատական խորհրդի որոշման համաձայն՝ խորհրդի նախագահի 2023 թվականի մայիսի 3-ի գրությամբ ՀՀ նախագահի քննարկմանն է ներկայացվել Մասիս Մելքոնյանի թեկնածությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր նշանակելու համար։

Խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ Հանրապետության նախագահը 2023 թվականի մայիսի 8-ին դատավորի թեկնածության վերաբերյալ առարկություններ է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին։ Iravaban.net-ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ նախագահին՝ վերոնշյալ առարկություններին ծանոթանալու համար, սակայն նախագահի աշխատակազմից հայտնել են, որ դատավորի անձնական գործի վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։

«Դատավորի անձնական գործի վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Դատավորից բացի, իր լիազորություններն իրականացնելիս նրա անձնական գործին իրավունք ունեն ծանոթանալու Հանրապետության նախագահը, դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինը և Բարձրագույն դատական խորհուրդը»,-նշված է պատասխանում:

Բացի այդ, մայիսի 12-ին հրավիրված նիստում Բարձրագույն դատական խորհուրդը քննարկել է ներկայացված առարկությունները և չի ընդունել դրանք։ Հանրապետության նախագահը միևնույն է` չի ստորագրել դատավորի նշանակման վերաբերյալ հրամանագիրը և համապատասխան դիմում չի ներկայացրել Սահմանադրական դատարան:

«․․․Հայտարարվում է, որ Մասիս Արմենակի Մելքոնյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն իրավունքի ուժով ուժի մեջ է մտել 2023 թվականի մայիսի 18-ին»,-նշվում է ԲԴԽ հայտարարության մեջ և վկայակոչվում Դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 4-րդ մասը։

Այս կապակցությամբ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել են․ «Ինչ վերաբերում է Ձեր կողմից մատնանշված անձի նշանակմանը, ապա այդ կապակցությամբ հայտնում ենք, որ սահմանադրականության հետ կապված առերևույթ խնդիրներ չեն եղել»:

Հիշեցնենք՝ նման իրավիճակ էր ստեղծվել նաև դատավոր Ժորա Չիչոյանի նշանակման առնչությամբ։ ՀՀ նախագահը առարկություններ էր ներկայացրել, որոնք ԲԴԽ-ն չի ընդունել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել