Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, որ 1968 թվականին ծնված Ռուբեն Վարդանյանը «ապօրինի մուտք է գործել երկիր և աշխատել որպես ԼՂՀ պետնախարար»։
Նշվում է, որ նա ձերբակալվել է Լաչինի անցակետում՝ Ադրբեջանից Հայաստան մեկնելիս։
Վարդանյանը Բաքու է տեղափոխվել Պետական սահմանային ծառայության արագ արձագանքման ուժերի անդամների ուղեկցությամբ։
«Նրան բերման են ենթարկել և ուղարկել համապատասխան պետական մարմիններ՝ համապատասխան որոշում կայացնելու համար»,-նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև:
«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար»: