Ռուսաստանը հասկանում է Արցախի շուրջ իրավիճակի էմոցիոնալ ինտենսիվությունը, սակայն Մոսկվան կտրականապես համաձայն չէ իրավիճակը Ռուսաստանի Դաշնության և ռուս խաղաղապահների վրա բարդելու փորձին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ «ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները կարող էին դադարեցնել Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում դեռ չսկսած, և իբր իրենք ունեն պատասխանատվության բաժին կատարվածի համար»։
«Մենք հասկանում ենք այս պահի էմոցիոնալ ինտենսիվությունը, սակայն կտրականապես համաձայն չենք պատասխանատվությունը ռուսական կողմի վրա բարդելու փորձին կամ առավել ևս՝ ռուս խաղաղապահների վրա, որ իրական հերոսություն են ցուցաբերում իրենց գործունեությունը ծավալելիս։ Մենք երբեք չենք համաձայնի նման նախատինքներին»,- ընդգծել է Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ Մոսկվան շարունակում է երկխոսությունը կողմերի հետ տարբեր մակարդակներում, «Հայաստանի հետ, հատկապես այս դժվար օրերին», և հիշեցրել է, որ սեպտեմբերի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ։