Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանը ստիպված է եղել «հակաահաբեկչական» (չակերտները՝ Iravaban.net-ի) գործողություն իրականացնել Արցախում։ Այս մասին նա ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետ, փոխանցում է ТАСС-ը։
«Ցավոք, Ղարաբաղում Ադրբեջանի օրինական մտահոգություններին արձագանքելու համար ոչինչ չարվեց, այդ իսկ պատճառով նա ստիպված եղավ գործողություն իրականացնել: Ադրբեջանի այս հաղթանակով տարածաշրջանում իրավիճակի լիարժեք կարգավորման հնարավորություն ստեղծվեց: Հայաստանից ակնկալում ենք, որ նա կպատասխանի իրեն մեկնած խաղաղության ձեռքին և ազնիվ քայլեր կձեռնարկի»,- ասել է նա։
«Խաղաղ լուծման մեջ պարտվողներ չկան: Մեր պարտքը մեր ժողովրդի առաջ տարածաշրջանում խաղաղություն, հանգստություն և բարգավաճում ապահովելն է: Մենք վճռական և անկեղծ ենք դա իրականացնելու համար: Եվ մենք ցանկանում ենք, որ մեր գործընկերները ցուցաբերեն նույն անկեղծությունը»,- ասել է Էրդողանը:
Նա նշել է, որ ադրբեջանական բանակի գործողությունը «իրականացվել է շատ կարճ ժամանակում և առավելագույն ուշադրությամբ խաղաղ բնակչության անվտանգության նկատմամբ» (չակերտները՝ Iravaban.net-ի)։ Էրդողանը գործողությունն անվանել է «կրիտիկական իրադարձություն տարածաշրջանի համար» (չակերտները՝ Iravaban.net-ի) ։
Էրդողանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բացառիկ են, և իրենք շարունակելու են իրենց ջանքերը՝ Բաքվի հետ բոլոր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ։