«Հիմնավորումներն իսպառ բացակայում են»․ ՍԴ-ն՝ 33 պատգամավորների ներկայացրած դիմումի մասին

Սահմանադրական դատարանը որոշել է մերժել վարույթ ընդունել Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորների ստորագրություններով դիմումը։ Այս մասին առաջինը հայտնեցին ընդդիմադիր պատգամավորները։ 

Iravaban.net-ը ներկայացնում է այն հիմնավորումները, որոնցով առաջնորդվել են ինչպես դիմողները, այնպես էլ ՍԴ-ն՝ որոշումը կայացնելիս։

Հիշեցնենք՝ Քրեական օրենսգրքի վիճարկվող դրույթները վերաբերում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվողներին պատասխանատվությունից ազատելուն, եթե նրանք առաջին անգամ են հանցանք կատարում, զղջում են ու համագործակցում իրավապահների հետ (ՔՕ 81-րդ հոդվածի 1.1-ին, 1.2. և 1.3-րդ մասեր):

Դիմողը նշել է, որ վիճարկվող դրույթները խնդրահարույց են գնահատվել հանրային իշխանության բազմաթիվ շահագրգիռ մարմինների կողմից: Ընդդիմադիր խմբակցությունները գտել են, որ վիճարկվող նորմերը չեն համապատասխանում իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին, իսկ իրավական որոշակիության բացակայությունը՝ վիճարկվող իրավանորմերի գործողության պայմաններում, հանգեցնելու է նույն իրավական նորմի միանման փաստական հանգամանքներում տարաբնույթ մեկնաբանությունների, կամայական կիրառման, ինչի հետևանքով ձևավորվելու է ոչ միասնական, խտրական մոտեցում, ինչն էլ, իր հերթին, հանգեցնելու է օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքի կենսագործման իրական վտանգի:

«․․․Օրենսդիրը նման իրավական անորոշության պայմաններում իրավասու իրավակիրառ մարմնին հնարավորություն է ընձեռել պարզապես գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատել մարդու այնպիսի հիմնարար արժեքների դեմ ուղղված հանցանքներ կատարած անձանց, ինչպիսիք են կյանքը, արժանապատվությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, անձնական ազատությունը, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքը և այլն»,-նշվել է պատգամավորների դիմումի մեջ:

Նրանք նաև պնդել են, որ վիճարկվող իրավական նորմերում իրավական որոշակիության բացակայության և օրենսգրքի՝ ընդհանուր և հատուկ մասերի նորմերի միջև ստեղծված համակարգային հակասության պայմաններում մեղադրյալը զրկվելու է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքից։

Խորհրդարանականների կարծիքով՝ վիճարկվող նորմերը հակասում են Սահմանադրության 23(Մարդու արժանապատվությունը), 25 (Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը) և 27-րդ (Անձնական ազատությունը) հոդվածներին։ 3.

Ուսումնասիրելով ներկայացված դիմումը` Սահմանադրական դատարանը որոշել մերժել այն վարույթ ընդունելը։

ՍԴ-ն նշել է, որ դիմումի բովանդակության մեջ վիճարկվող ՀՀ քրեական օրենսգրքի

81-րդ հոդվածի 1․2-րդ և 1․3-րդ մասերի Սահմանադրությանը հակասության վերաբերյալ հիմնավորումներն իսպառ բացակայում են:

«Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Սահմանադրական դատարանի առջև նման հարցեր բարձրացնելն ինքնին, իր բնույթով վկայում է սահմանադրաիրավական բովանդակություն ունեցող վեճի բացակայության, ուստիև` սահմանադրական վերահսկողության առարկա չլինելու մասին»,-նշվում է որոշման մեջ։

Դատարանը գտել է նաև, որ դիմումի մեջ առկա դատողությունները որևէ կերպ պատճառաբանված չեն, հիմնված են խիստ վերացական ենթադրությունների, իրավակիրառ պրակտիկայում հնարավոր հակասական մեկնաբանության և կիրառման վրա։ Նշվածի հիման վրա՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ընդդիմադիր խմբակցություններն իրենց դիմումը կազմելիս առաջնորդվել են իրավակիրառի՝ վիճարկվող դրույթների հակասահմանադրական մեկնաբանման և կիրառման չհիմնավորված կանխավարկածով, ինչը, դատարանի կարծիքով, չի կարող ինքնին ներկայացված ենթադրյալ վեճին սահմանադրաիրավական բովանդակություն հաղորդել․

«․․․Ըստ այդմ՝ անորոշ իրավական հասկացությամբ պայմանավորված՝ նորմի` ապագայում ձևախեղված հնարավոր մեկնաբանության և կամայական կիրառման վերաբերյալ վերացական ենթադրությունները, ինքնին սահմանադրական վերահսկողության առարկա չեն կարող դառնալ»։

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դիմողը չի ներկայացրել վիճարկվող դրույթների՝ Սահմանադրությանը հակասելու հիմնավոր փաստարկներ, իսկ վերջինիս մտահոգությունները՝ կապված իրավակիրառ պրակտիկայում դրանց հնարավոր հակասահմանադրական մեկնաբանության և կիրառման հետ, կարող են սահմանադրական վերահսկողության առարկա դառնալ այն պարագայում, երբ իրավակիրառ պրակտիկան իրապես զարգանա դիմողի կողմից վկայակոչված հակասահմանադրա կան հունով:

«Դիմողը չի հաղթահարել հիմնավորված և Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա դիմում ներկայացնելու օրենսդրական նախապայմանը, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով»,-նշվել է ՍԴ-ի՝ վարույթ ընդունելը մերժելու վերաբերյալ որոշման մեջ:

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը վերաբերում այն դեպքերին, երբ դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։

Ավելի պարզ լեզվով ասած՝ դիմողի հիմնավորումները չեն հաղթահարել Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության ենթակա օրենքով սահմանված ստանդարտը։ Իսկ սահմանադրական վերհսկողության տեսանկյունից էլ իրավակիրառ պրակտիկան և ժամանակը միայն ցույց կտան՝ պատգամավորների ներկայացրած ենթադրությունները հիմնավոր էին, թե ոչ։

Եվգենյա Համբարձումյան

Կարդացեք նաև՝ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել