Գործուն զղջալու հիմքով ծանր հանցագործությունների դեպքում քրեական պատասխանատվությունից ազատվելու վերաբերյալ օրինագծի ընդունումը խնդրահարույց է. Առնոլդ Վարդանյան

Արդարադատության նախարարությունը շրջանառել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում կատարել համապատասխան լրացում և կարգավորում առ այն, որ գործուն զղջալու ինստիտուտը որոշակի պայմանների առկայության պարագայում կարող է կիրառվել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով:

Ներկա կարգավորումների համաձայն՝ Քրեական օրենսգիրքը գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու համար սահմանում է մի շարք նախապայմաններ: Դրանք են՝

  1. անձը հանցանքը կատարել է առաջին անգամ,
  2. արարքը դասվում է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքների շարքին,
  3. անձը համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ,
  4. չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը,
  5. վնաս պատճառած լինելու դեպքում հատուցում է պատճառված վնասը,
  6. վնաս պատճառած լինելու դեպքում այլ կերպ հարթում է պատճառված վնասը:

Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը լրացնել նոր՝ 1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«1.1 Եթե անձի առաջին անգամ կատարած հանցանքը դասվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, ապա հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, նա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը»։

Նախագծի ուսումնասիրությունից եզրահանգվում է, որ նախատեսվող փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն ունեցող անձանց շրջանակը կարող է դառնալ անսահմանափակ՝ իր հետ հանգեցնելով մի շարք խնդիրների։

Անդրադառնալով նախագծին՝ Iravaban.net-ի հետ զրույցում փաստաբան Առնոլդ Վարդանյանը նշեց, որ նախաձեռնված օրենսդրական փոփոխությունը խնդրահարույց է մի քանի պատճառներով։

Նրա խոսքով՝ նախևառաջ մտահոգիչ է օրենսդրական փոփոխության հիմնավորումը․ օրենսդրական փոփոխության հիմնավորումներից որպես առաջնային պայման ընդգծվում է նախաքննական մարմինների և դատարանների ծանրաբեռնվածության նվազումը։

«Վերջին ժամանակներում, հաճախ ենք ականատես լինում, որ նախաձեռնվում են օրենսդրական մի շարք փոփոխություններ հենց այս պատճառաբանությամբ, ինչը միանշանակ կարևոր է։ Սակայն, մյուս կողմից՝ պետք է փաստել, որ նախաքննական մարմինների և դատարանների ծանրաբեռնվածության նվազումը ոչ մի դեպքում չի կարող տեղի ունենալ տարբեր ինստիտուտների հիմքում ընկած տրամաբանության, անկյունաքարային սկզբունքների խախտման հաշվին»,-ասաց Վարդանյանը։

Փաստաբանը նշում է, որ օրենսդրական նախաձեռնության հիմնավորումներում «գործուն զղջալը» համեմատվում է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու մեկ այլ ինստիտուտի հետ և առաջ քաշվում այն փաստարկը, թե «Հաշվի առնելով այն, որ օրենսդիր մարմինը օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար հանցանքի ծանրությամբ պայմանավորված սահմանափակում չի նախատեսում, առաջարկում ենք գործուն զղջալու դեպքում ևս չնախատեսել նման սահմանափակում»:

«Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու ինստիտուտը որևէ կերպ առնչություն չունի և չի կարող ունենալ գործուն զղջալու ինստիտուտի հետ։ Դրանք միանգամայն տարբերվող բնույթ ու նպատակ են հետապնդում և դրանց միջև զուգահեռների անցկացմամբ օրենսդրական փոփոխության նախաձեռնումն անթույլատրելի է։ Մասնավորապես, եթե գործուն զղջալու ինստիտուտը քրեական պատասխանատվությունից առհասարակ ազատելու հիմք է, ապա օրենքով նախատեսվածից առավել մեղմ պատիժ նշանակելը վերաբերում է զուտ անձի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն»,-ասաց փաստաբանը։ 

Մասնագետի դիտարկմամբ՝ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու օրենսդրական պայմանները մեխանիկորեն հենց գործուն զղջալու կարգավորման մեջ ներառելու արդյունքում մի շարք այլ հարցեր են առաջ գալու (այդ թվում՝ օրինակ՝ ի՞նչ տրամաբանությամբ է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններով թույլատրելի լինելու գործուն զղջալու հնարավորությունը կիրառելով անձին ազատել քրեական պատասխանատվությունից, բայց տուժողի հետ հաշտության՝ քրեական պատասխանատվությունից ազատելու մեկ այլ հիմքով՝ ոչ)։

Առնոլդ Վարդանյանը նշում է, որ առհասարակ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ նշված օրենսդրական փոփոխության ընդունումը հակասելու է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին և սկզբունքներին։

«Մասնավորապես, առանց որևէ բացառության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների նկատմամբ գործուն զղջալու ինստիտուտը կիրառելի դարձնելու դեպքում ստացվելու է, որ միջազգային հանցագործությունների, ահաբեկչության, բռնի անհետացման, պաշտոնատար անձի կողմից իշխանական լիազորությունների օգտագործմամբ բռնություն գործադրելու, խոշտանգման կամ դրան հավասարեցվածայլ հանցանքների դեպքում ևս կարող է կիրառելի լինել գործուն զղջալը։ Մինչդեռ նշված հանցագործությունների նկատմամբ օրենսդիրը նույնիսկ քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների կիրառումն է անթույլատրելի համարել՝ ելնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներից և միջազգային այլ չափանիշներից։

Վերոգրյալի հետ մեկտեղ, պետք է նկատի ունենալ, որ օրենսդրական փոփոխությունը նախաձեռնելիս առհասարակ հաշվի չի առնվել գործուն զղջալու ինստիտուտի վերաբերյալ միջազգային փորձը։ Ըստ էության, իր բնույթից ելնելով՝ գործուն զղջալու ինստիտուտն արտասահմանյան երկրների գերակշիռ մասում չի կիրառվում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում։ Դա պայմանավորված է ակադեմիական աղբյուրներում նաև մշակված՝ գործուն զղջալու ինստիտուտի ավանդական այն ընկալմամբ, որ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում, ելնելով կատարված հանցանքի ծանրության և հանրային վտանգավորության աստիճանից, անկախ մեղմացնող հանգամանքների քանակից, հանցանքի կատարման համար զղջալը չի կարող հիմք լինել անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար։ Այդպիսի մեղմացնող հանգամանքների առկայության դեպքում կարող են կիրառելի լինել քրեաիրավական այլ ինստիտուտներ, բայց ոչ գործուն զղջալը»,-մանրամասնեց նա։

Փաստաբանը եզրափակեց, որ հաշվի առնելով նաև ինստիտուտի խիստ հայեցողական բնույթը, առաջարկվող օրենսդրական նախագծի ընդունումը ոչ միայն հիմնավորված չէ, այլ նաև գործնականում կարող է առաջ բերել երկակի մոտեցումներ և այլ ռիսկեր, որոնք եղած խնդիրները լուծելու փոխարեն կարող են առաջացնել նոր խնդիրներ։

Հարկ է հավելել նաև, որ այս հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն են ունենալու դատախազությունը և դատարանները։ Սա էլ կարող է լրացուցիչ խնդիրների հանգեցնել, մասնավորապես, կոռուպցիոն բարձր ռիսկի։

Նախագծի ուժի մեջ մտնելու դեպքում ենթադրվում է, որ փաստաբանների կողմից մի շարք միջնորդություներ կներկայացվեն իրավասու մարմիններին։

Ելնելով իր հայեցողական բնույթից, գործուն զղջալու ինստիտուտը գործանականում հազվադեպ է կիրառվում, ինչից կրկին հետևում է, որ նախագծի ընդունումը չի հանգեցնի դատարանների և նախաքննական մարմինների ծանրաբեռվածության թեթևացմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել