Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Ձոնգ Ընը (Կիմ Չեն Ընը) ժամանել է Ռուսաստան, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կիմը սահմանը հատել է գնացքով՝ անցնելով Ռազդոլնայա գետի երկաթուղային կամուրջը և շարժվել դեպի հյուսիս: Ակնկալվում է, որ Կիմի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի կունենա Հեռավոր Արևելքում, սակայն հանդիպման հստակ ժամկետների և վայրի մասին տեղեկություն չի հաղորդվում:
Պեսկովի խոսքով՝ երկու պատվիրակությունների բանակցություններին կհաջորդի Կիմի և Պուտինի առանձնազրույցը: Ռուսական պատվիրակության կազմում կլինի նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Հանդիպման ավարտին մամուլի ասուլիս նախատեսված չէ: Կրեմլում հայտնել են, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերություններն ու միջազգային հարցեր: