Համակարգ վերադարձել եմ՝ քննիչի աշխատանքի նկատմամբ ունեցած սիրուց. Երջանիկ Գևորգյան

2023 թվականի արդեն անցած 7 ամիսներին հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպք չբացահայտված չի մնացել․ այս մասին Iravaban.netը «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում նշեց ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի պետ Երջանիկ Գևորգյանը։ Նրա խոսքով՝ աճել են հրազենի ապօրինի շրջանառության դեպքերը, որը պայմանավորված է նաև 44-օրյա պատերազմով, ինչպես նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքերը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը։

-Պարոն Գևորգյան, այս տարվա անցած 6 ամիսներին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների կտրվածքով, հանցավորության ինչպիսի՞ դինամիկա է արձանագրվել։ Ինչ անհանգստացնող և դրական միտումներ կարող եք առանձնացնել գրանցված հանցատեսակների, կամ դրանց բացահայտելիության առումով։

-Ինչպես արդեն նշեցի՝ ավելացել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, մասնավորապես՝ սպանությունների, սպանության փորձերի, սոցիալական ցանցերի միջոցով, խաբեությամբ իրականացվող հափշտակությունների, ապօրինի թմրաշրջանառության և հրազենի ապօրինի շրջանառության դեպքերը:

Կարծում եմ՝ դա պայմանավորված է մի շարք գործոններով: Օրինակ՝ հրազենի ապօրինի շրջանառության դեպքեր հատկապես աճել են 44-օրյա պատերազմից հետո, երբ դրան մասնակցած շատերը մարտի դաշտից իրենց հետ բերել են զենք, զինամթերք։ Խաբեությամբ իրականացվող հանցագործությունների աճը պայմանավորված է մեր երկիր մեծաթիվ օտարերկրյա քաղաքացիների ներհոսքով։ Սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող հանցագործությունների, ինչպես նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքերի աճը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների օրեցօր զարգացմամբ, իսկ որոշ դեպքերում՝ վերահսկելու միջոցների անբարարությամբ:

Չնայած դրանց աճին, ինչը ի հարկե մտահոգիչ է, այնուհանդերձ պետք է նշեմ, որ քննչական մարմինները, համագործակցելով հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման պարտականություն ունեցող մյուս բոլոր մարմինների հետ, արդյունավետ պայքարում են հանցածին երևույթների դեմ, որոնք իհարկե տալիս են դրական արդյուքն և այդպիսին պետք է համարել այն, որ ինչպես նախորդ տարի այնպես էլ անցած 7 ամիսներին հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպք չբացահայտված չի մնացել:

-Պարոն Գևորգյան, ավելի քան 13 տարի համակարգում եք։ Կարո՞ղ եք նշել, թե ինչ առանցքային փոփոխությունների է ենթարկվել քննչական մարմինն այս տարիների ընթացքում։

-Կարծում եմ՝ այդպիսի փոփոխություններից կարևոր էր ՀՀ քննչական կոմիտեի ստեղծումը՝ որպես անկախ, այլ խոսքով՝ որևէ այլ գերատեսչության կազմի մեջ չմտնող կառույց, քանզի հայտնի է, որ մինչև ՀՀ քննչական կոմիտեի ստեղծումը, բացառությամբ օրենքով նախատեսված որոշակի դեպքերի, քրեական գործով նախաքննություն էր իրականացնում ՀՀ ոստիկանության կազմում գործող քննչական գլխավոր վարչությունն ու դրա ստորաբաժանումները, ինչը բավարար չափով թույլ չէր տալիս քննիչին՝ լինելու անկախ և անկաշկանդ իր գործողություններում, քանի որ, այնուամենայնիվ, ոստիկանության շահը չվնասելու կամ չանտեսելու մղումը, թեկուզ ենթագիտակցաբար, բայց, այնուամենայնիվ, քննիչին ուղեկցում էր:

Կարևոր է նաև այն, որ հատկապես վերջին տարիներին և հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ քննչական կոմիտեի ղեկավարությունը կոմիտեի ծառայողիների մասնագիտական գիտելիքների ու հմտությունների կատարելագործման նպատակով պարբերաբար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ: Իսկ առավել կարևոր է, որ վերջին տարիներին քննչական կոմիտեի ենթակա ստորաբաժանումները՝ այդ թվում մասնագիտացված ստորաբաժանումները, ավելի սերտ են համագործակցում միմյանց հետ, հատկապես որոշ տեսակի հանցագործությունների քննության մեթոդիկայի, փորձի փոխանակման առումով։ Դրանում, իհարկե, շատ կարևոր դեր ունի կառույցում տիրող բարոյահոգեբանական դրական մթնոլորտը:

Ինչու չէ, պետք է նաև ընդծել կոմիտեի ծառայողիների սոցիալական երաշխիքներն ավելացնելու պետության ձգտումը, ինչն արդյունավետ աշխատելու կարևոր նախադրյալ է:

-Ինչպիսի՞ն է եղել խափանման միջոց կալանքի պրակտիկան և ինչպես է ազդել դրա վրա նոր խափանման միջոցների ներդրումը քրեադատավարական նոր օրենքով։

-Բնական է, որ ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նոր խափանման միջոցներ տնային կալանքը և վարչական հսկողությունը հանդիսացել են նախադրյալ, որպեսզի խափանման միջոց կալանք կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելու, հետևաբար՝ կալանք կիրառելու դեպքերը նվազեն:

Բանն այն է, որ, համեմատ խափանման միջոց կալանքի, տնային կալանքը և վարչական հսկողությունը կեցության ավելի մեղմ պայմաններ են նախատեսում, սակայն, միևնույն ժամանակ, իրենց կիրառման պայմաններով քիչ են տարբերվում խափանման միջոց կալանքից՝ խափանման միջոց կալանքին համանման կերպով բովանդակելով մեղադրյալի տեղաշարժման և գործողությունների ազատության սահմանափակում:

Վերը նշված հանգամանքը, մի կողմից, վարույթն իրականացնող մարմնին թույլ է տալիս՝ ձեռնպահ մնալ կալանքի կիրառման միջնորդությունից՝ մեղադրյալին հասարակությունից և սոցիալական միջավայրից չմեկուսացնելու նպատակով, հնարավորություն տալով մեղադրյալին հաստատել վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ ի սկզբանե դրսևորված վստահությունը, որ չկալանավորվելու դեպքում էլ մեղադրյալը մինչդատական վարույթում պատշաճ կամ օրինական վարքագիծ կդրսևորի:

Մյուս կողմից, տնային կալանքի կամ վարչական հսկողության կիրառումը, հանդիսանալով մեղադրյալի տեղաշարժման և գործողությունների ազատության սահմանափակում նախատեսող միջոցներ, վարույթն իրականացնող մարմնին թույլ է տալիս՝ արդյունավետ կերպով ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը:

Վերոգրյալն ամփոփելով՝ ցանկանում եմ նշել, որ ներկայումս վարույթն իրականացնող մարմինն արդեն իրական հնարավորություն ունի՝ կալանք կիրառելու միջնորդություն ներկայացնել բացառապես այն դեպքերում, երբ ունի համոզմունք, որ ընդհուպ տնային կալանքը կամ վարչական հսկողությունը չեն կարողանալու ապահովել մինչդատական վարույթում մեղադրյալի պատշաճ վարքագիծը:

Ընդհանրապես խափանման միջոց կալանքի պրակտիկան վերլուծելիս պետք է նախ և առաջ վերլուծել արձանագրված հանցագործությունների տեսակները, դրանց բնույթը և կատարման եղանակները:

Այս համատեքստում ցանկանում եմ նաև նշել, որ վերջին շրջանում ավելացել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, որոնք կատարվում են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կամ հանցակցությամբ, որպիսի քրեական վարույթներով կալանքից բացի մյուս խափանման միջոցներն, այդ թվում՝ տնային կալանքը և վարչական հսկողությունը, առնվազն գոնե նախաքննության փուլում ի զորու չեն ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քանի որ խափանման միջոցի նման պայմաններում մեղադրյալները հանարավորություն են ստանում օտվել հաղորդակցության թվային տարբեր միջոցներից, շփվել այլ անձանց հետ:

-Նախկինում Ձեր պարտականությունները կատարել եք Լոռու և Շիրակի մարզերում, այժմ՝ Երևան քաղաքում։ Ի՞նչ առանձնահատկություններ կան մարզերում և մայրաքաղաքում աշխատելու միջև։

-Եթե աշխատում ես նվիրումով, բոլոր վայրերում էլ աշխատանքդ խիստ ծանրաբեռնված է: Մյուս առումներով, երևի թե, տարբերությունը կայանում է մարզերի և մայրաքաղաքի բնակիչների մենթալիտետի միջև, որը, սակայն, աշխատանքի վրա քիչ ազդեցություն ունի:

-2016թ.-ին մոտ 2 տարով աշխատանքային դադար եք վերցրել, Ձեր դիմումի համաձայն ազատվել եք ծառայությունից։ Ո՞րն է եղել համակարգ վերադառնալու մոտիվացիան։

-Իհարկե, համակարգ վերադարձել եմ՝ քննիչի աշխատանքի նկատմամբ ունեցած սիրուց և իրավաբանի կրթությունս պետական շահին հնարավորին չափ լավագույնս ծառայեցնելու մղումով:

Միևնույն ժամանակ պետք է անկեղծ խոստովանեմ, որ մինչև անձնական դիմումիս համաձայն աշխատանքից ազատվելը, երևի թե ազատ ժամանակ չունենալու պատճառով չեմ զգացել քննիչի աշխատանքի, կամ ճիշտ կլինի ասել քննիչի կենսակերպով ապրելու նկատմամբ իմ ունեցած վերաբերմունքը:

Հիշո՞ւմ եք, թե որն է եղել Ձեր աշխատանքային պրակտիկայի ամենաբարդ գործը, որի բացահայտումն առանձնահատուկ հմտություններ, քննչական մարտավարություն է պահանջել։

-Յուրաքանչյուր քրեական վարույթով արդյունավետ նախաքննությունն, իհարկե, պահանջում է մասնագիտական հմտություններ, ինչպես նաև յուրովի՝ առերևույթ հանցագործության դեպքին համարժեք, մարտավարություն, սակայն նույն մարտավարությունը չի կարող միանշանակ կիրառելի լինել նույանբնույթ մեկ ուրիշ հանցագործության դեպքի քննության համար, քանի որ դրանում ներգրավված անձինք, հանգամանքները հիմնականում տարբեր են լինում:

Իմ աշխատանքային պրակտիկայում քննել եմ տարաբնույթ  հանցագործության դեպքեր և ամենահետաքրքիր ու ամենաբարդ դեպքը եղել է իմ կողմից քննած թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, որի քննության ընթացքում բացահայտել եմ դրանից շուրջ վեց տարի առաջ տեղի ունեցած ու չբացահայտված ծանր մարմնական վնասվածքի դեպք, որով տուժողը նույն ինքը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքով մեղադրյալն էր: Քանի որ քննում էի շուրջ 6 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության դեպք, որով արդեն իսկ հարցաքննված էին դեպքին ականատես անձինք, ովքեր իհարկե մակերեսորեն էին ցուցմունք տվել, անհրաժեշտ էր նրանց ևս մեկ անգամ հարցաքննել, առերեսել, ուստի պետք էր ճիշտ մշակել մարտավարությունը: Եվ իհարկե այդ հարցում հաջողեցինք, բացառապես քննչական գործողությունների արդյունքում նախկին տարիներին կատարված ու չբացահայտված ծանր հանցագործության դեպքը բացահայտվեց, մեղավոր անձը ենթարկվեց պատասխանատվության:

Ինչը պետք է կամ կարող է մոտիվացնել քննիչին՝ իր աշխատանքում բարեխղճություն, արդարամտություն և արդյունավետություն ցուցաբերելու համար։ Արդյոք միայն վարձատրության բարձրացումը բավարար համարում եք դրա համար։

-Կարծում եմ՝ վարձատրությունը Ձեր նշած մղումների համատեքստում ամենաքիչը մոտիվացնող գործոնն է: Ինչպես վերը նշեցի, ինձ համար իմ աշխատանքում բարեխղճություն, արդարամտություն և արդյունավետություն ցուցաբերելու համար գլխավոր շարժիչ ուժը կատարածս աշխատանքի նկատմամբ ունեցածս սերը, հարգանքը և իրավաբանի կրթությունս պետական շահին հնարավորին չափ լավագույնս ծառայեցնելու մղումն է:

2020-ի նոյեմբերի 6-ից որպես կամավոր մասնակցել եք 44-օրյա պատերազմին։ Ո՞րն է եղել հենց այդ ժամանակ Արցախ մեկնելու պատճառը։

-Ես չեմ ցանկանում շատ խոսել այդ հարցի շուրջ, բայց կարծում եմ՝ յուրքանչյուր հայ է պարտավոր Հայրենիքին պատուհասած վտանգի դեպքում լինել հայրենիքի կողքին՝ կարելվույն չափ օգտակար լինելու անմնացորդ ձգտումով:

Այժմ էլ, նախկինում էլ սահմանին վիրավոր կամ զոհ ունենալու դեպքում քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվում։ Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ նպատակ է հետապնդում նման վարույթների նախաձեռնումը, երբ, ըստ էության, նման գործերը կենսունակությունը հարցականի տակ է։

Նախ՝ Ձեր նշած դեպքերով վարույթ նախաձեռնելը ՀՀ քրեական օրենսգրքի ու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի աներկբա պահանջն է:

Բացի այդ, նշված դեպքերի առթիվ հարուցված վարույթները յուրահատուկ փաստահավաք առաքելություն ունեն՝ միջազգային հանրությանը ցույց տալու, թե իրականում ով է ագրեսորը, և ով է, որ խաղաղությունը որպես համակեցության անհրաժեշտ ու պարտադիր կանոն, չի գնահատում ու դիտարկում:

ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել