ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով լրագրող Հայկ Խալաթյանի դիտարկմանը, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը նմանվում է նացիստների կողմից Լենինգրադի շրջափակմանը և հարցին, թե ինչ է պատրաստվում անել Ռուսաստանը, պատասխանել է.
«Երևանը հասկանու՞մ է, որ ՌԴ մասին նման հայտարարություններով (խաղաղապահների կողմից իրենց գործառույթը չկատարելու վերաբերյալ) իրենք վնասում են Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Հայաստանի կողմից հայտարարություններ ենք լսում, թե Ռուսաստանից կախվածությունը թույլ չի տալիս անվտանգություն ապահովել։ Պետությունը ներկայացնող մարդիկ պետք է պատասխանատվությամբ մոտենան իրենց հայտարարություններին։ Մի՞թե նրանք չգիտեն, թե Հայաստանի՝ որքան մեծաթիվ քաղաքացիների է հնարավոր եղել փրկել, այդ թվում՝ Մոսկվայի ջանքերի շնորհիվ։ Միթե՞ դրա մասին Հայաստանում չգիտեն․ իհարկե, գիտեն։ Ինչո՞ւ է այդ ամենը հիմա մոռացվում։ Նրանք ուզում են վերաշարադրե՞լ պատմությունը։ Դա չի ստացվում», – հավելել է Զախարովան։
ԱԳՆ խոսնակը, արձագանքելով լրագրողի մեջբերմանը, թե Ռուսաստանն ինքն է իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով հեռանում տարածաշրջանից, նշել է․
«Չմեկնաբանելով Հայաստանի վարչապետի խոսքերը, որոնք վերջին օրերին շատ են ասվել, կցանկանայի նշել որ պետք է պատասխանատու լինել սեփական արարքների համար, ոչ թե անվերջ ու ամեն առիթով մեղավորներ փնտրել։ Հենց դրանում է պետական գործչի տարբերությունը անցողիկ մարդուց, որը չի մտածում իր երկրի պետական շահերի մասին։ Այլապես, այս ամենը նման է վատ պարողի մասին պատմությանը»։
Մարիա Զախարովան, պատասխանելով «Անադոլու» գործակալության թղթակցի հարցին, թե ինչպես է ռուսական կողմը վերաբերում Հռոմի ստատուտի վավերացման հարցը Հայաստանի խորհրդարան ուղարկելու որոշմանը, պատասխանել է.
«Մենք հայկական կողմից արդեն իսկ բացատրություններ ենք հայցել, և մեր հետագա քայլերը կկառուցենք՝ հիմնվելով պաշտոնական Երևանի պատասխանի վրա»։