Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ և հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով (մինչև 2035 թվականը) նախանշված են ռամավարության իրագործման ուղիները։ Այդ ուղղությունները նախանշում են ոլորտի բոլոր բնագավառներում առաջընթացի հիմնական ուղիները։
Շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու և անվտանգ հանքարդյունաբերություն
Հանրային առողջության պահպանության և բացասական ազդեցությունների կառավարման հիմնախնդիրը սերտորեն կապված է շրջակա միջավայրի պահպանության հետ:
Հանքարդյունաբերության ոլորտի շրջակա միջավայրի և առողջության ազդեցության գնահատման հիմնական հարցերի կարգավորումները կարող են օգտագործվել` հիմք ընդունելով ապագա սերունդների համար կայուն հանքարդյունաբերություն ստեղծելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների շրջանակը: Հետևաբար, հնարավոր բացասական ազդեցությունները նվազեցնելու, մեղմելու կամ դրանցից խուսափելու հետ կապված հարակից ծախսերը կարելի է դիտարկել որպես ապագայի համար ներդրում: Կառավարության և ընդերքօգտագործող ընկերությունների կողմից ճիշտ կառավարման դեպքում այս ծախսերը Հայաստանում հետագա սերունդների կայուն զարգացման համար կդառնան ներդրում։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կառավարությունը պետք է ստանձնի պատասխանատվություն շրջակա միջավայրի և առողջության վրա ազդեցության նվազեցման համար և ՇՄԱԳ գործընթացի շրջանակում նախատեսի համայնքի առողջության ազդեցության ռիսկերի գնահատում:
Հանքարդյունաբերության հանդեպ բացասական և գիտականորեն չհիմնավորված մեղադրանքների տարածումը կանխելու համար կարևոր խնդիր է նաև պատկան մարմինների կողմից հանրության իրազեկումը՝ իրական խնդիրները չհիմնավորված ընկալումներից տարանջատելու ուղղությամբ: Այսպես, օրինակ, Հայաստանում տարածված է պոչամբարի՝ որպես քաղցկեղի առաջացման պատճառի ընկալումը։ Մինչ պոչամբարի պատշաճ կառավարումը անքննելի անհրաժեշտություն է, գոյություն չունի նման որևէ գիտական ապացույց դրանց միջև կապի վերաբերյալ: Պետական համապատասխան կառույցները պետք է ջանքեր գործադրեն բնակչության իրազեկման համար, այդ թվում՝ պատշաճ կառավարման արդյունքում հանքարդյունաբերության հետ կապված առողջապահական որևէ խնդիր բացառելու գործնականում ապացուցված հնարավորության մասին հանրությանը կրթելու ուղղությամբ։
Նվազագույն ածխածնային հետքով և ջերմոցային գազերի արտանետումներով հանքարդյունաբերություն
«Կանաչ» տեխնոլոգիաների մշակման համար կարևոր են արդյունահանվող այնպիսի օգտակար հանածոներ, ինչպիսին են պղինձը, ցինկը և այլն, որոնք օգտագործվում են էլեկտրատեխնիկայի, գիտատար ու տեխնոլոգիատար այլ բնագավառներում: Միևնույն ժամանակ, ոլորտն, ինքնին, սեփական նպատակներով էներգիայի օգտագործման հետևանքով ածխածնային հետք է թողնում: Դա պայմանավորված է հանքավայրում բենզինով և դիզելով աշխատող սարքավորումների, տրանսպորտային միջոցների և գործարանային մեքենասարքավորումները լիցքավորելու համար անհրաժեշտ էներգիա ստանալու նպատակով հանածո վառելիքի օգտագործմամբ: Կլիմայի վրա հանքարդյունաբերության բացասական ներգործությունը մեղմելու նպատակով հանքարդյունաբերության ռազմավարությունը պետք է ակտիվորեն խրախուսի ընդերքօգտագործող ընկերություններին` նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները: Նոր ծրագրերի պարագայում դա անելու ամենապատեհ ժամանակը այն պահն է, երբ հանքի փակման ծրագիրը ներկայացվում է արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ստացման համար դիմելիս: Ակտիվ ծրագրերի պարագայում անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել ընդերքօգտագործող ընկերությունների հետ և դիտարկել վերականգնվող էներգակիրների անցման հնարավորությունները:
Էլեկտրական մեքենաների և վերականգնվող էներգիայի անցումը կարելի է դիտարկել ընդհանուր առմամբ որպես ՀՀ-ում «կանաչ» տնտեսության անցման գործընթացի մաս:
Անհրաժեշտ է նաև մշակել և ներդնել ջերմոցային գազերի արտանետումների (GHGgreenhouse gas emissions) գնահատման և մոնիթորինգի ուղեցույց, որի կիրառման արդյունքները հնարավորություն կտան գնահատել հանքարդյունաբերության ունեցած ազդեցությունը «ածխածնային հետքի» վրա։