ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ վերականգնել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Փորձագետները (ՄԱԿ-ի-խմբ.) կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը՝ 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագրին համապատասխան», – ասվում է Հատուկ զեկուցողների հայտարարության մեջ, որը տարածել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR):
Նրանք կարծում են, որ վերջին յոթ ամիսների շրջափակումը հանգեցրել է նրան, որ «բնակչությունը բախվում է առաջին անհրաժեշտության սննդի, դեղորայքի և հիգիենայի ապրանքների սուր պակասի հետ»։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը կատարել իր միջազգային պարտավորությունները՝ հարգելու և պաշտպանելու մարդու իրավունքները, ներառյալ սննդի, առողջության, կրթության և կյանքի իրավունքը: Մենք նաև ընդգծում ենք համագործակցության և երկխոսության կարևորությունը բոլոր ներգրավված կողմերի միջև՝ խաղաղ ճանապարհ գտնելու համար», – նշվում է հայտարարության մեջ։