Արցախը 233 օր է շրջափակման մեջ է։
Այսօր՝ օգոստոսի 1-ին, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունից հայտնել էին, որ իրենց կողմից ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը։
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանն ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ:
Արցախի Ազգային անվտանգության ծառայությունից հայտնեցին, որ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, այսօր ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից:
Ադրբեջանը շուրջ երկու ամիս է, ինչ արգելափակել է բոլոր տեսակի բեռների և հումանիտար փոխադրումները դեպի Արցախ։
Հայաստանը հուլիսի 26-ին 360 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել, որպեսզի հասցվի Արցախի ժողովրդին։ Հումանիտար բեռներ տեղափոխող բեռնատարները հասել են Կոռնիձոր՝ սպասելով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության արձագանքին, որպեսզի հնարավոր լինի բեռները հասցնել Արցախի Հանրապետության տարածք։ Ուղարկված բռները յոթ օր է, ինչ գնտվում են Կոռնիձորում։ Ադրբեջանը թույլ չի տալիս մարդասիրական բեռները, որոնց մեջ նաև մանկական սնունդ ու դեղորայք է, անցնի ԱՀ տարածք։
Նշենք, որ բեռների տեղափոխման համար սպասում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի հրամանատարական կազմի արձագանքին։
Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․
«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է դատարանի որոշման մեջ։
Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։
Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։
Արդեն 233 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։
Ադրբեջանական կողմից ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:
Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը․ «Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»: