Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված մեքենաների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելու համար

Անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` 10 000 ՀՀ դրամի չափով:

Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 ՀՀ դրամի չափով:

Ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցը այդ համարանիշերով վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 20 000 ՀՀ դրամի չափով:

Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 100 000 ՀՀ դրամի չափով:

Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 100 000ՀՀ դրամի չափով:

Բեռնատար ավտոմոբիլների, ավտոբուսների կամ կցորդների (բացառությամբ թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների կցորդների) հետնապատին հաշվառման համարանիշի թվերի և տառերի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 ՀՀ դրամի չափով:

Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշերը ուղևորափոխադրումների իրականացման երթուղին սպասարկելու ժամկետի ավարտից կամ Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայից զրկվելուց կամ լիցենզիայի ներդիրի ժամկետի ավարտից հետո չվերադարձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` կազմակերպության պաշտոնատար անձի նկատմամբ` 100 000 ՀՀ դրամի չափով:

Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումներ (բացառությամբ միջպետականի) իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սպասարկվող երթուղում սպիտակ հիմնագույնի հաշվառման համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 50 000ՀՀ դրամի չափով:

Հայաստանի Հանրապետության տարածքում սպիտակ հիմնագույնի հաշվառման համարանիշ ունեցող թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 50 000 ՀՀ դրամի չափով:

Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշը այլ տրանսպորտային միջոցի վրա տեղադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 100 000 ՀՀ դրամի չափով:

Անընթեռնելի հաշվառման համարանիշ է այն համարանիշը, որի թեկուզ մեկ նիշը ցերեկը, պարզ եղանակին գունաթափման կամ այլ պատճառներով անշարժ տրանսպորտային միջոցի վրա տեղադրված վիճակում տեսանելի չէ 40 մետր հեռավորությունից:

Տրանսպորտային միջոցի համարանիշը համարվում է սահմանված տեղում չփակցված, եթե համարանիշն ընթեռնելի է ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած վիճակում, սակայն համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` թեկուզ և մեկը) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում:

Տրանսպորտային միջոցը համարվում է առանց համարանիշի, եթե այդ համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` թեկուզ և մեկը) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում և ընթեռնելի չէ ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել