Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունիսի 19-ին, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, շարունակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի վերաբերյալ դատավարությունը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով ներգրավված 4 վկաները։ Գուրգեն Գրիգորյանի պաշտպանը չէր ներկայացել դատական նիստին, սակայն վերջինս նշեց, որ խնդիր չի տեսնում առանց փաստաբանի ներկայության նիստը շարունակելու համար։
Վկա Արման Ավետիսյանի հարցաքննությունը
Առաջինը դատարանում հարցաքննվեց այժմ Ոստիկանության զորքերի կադրերի բաժնի պետի տեղակալ, նախկինում՝ պետ, գնդապետ Արման Ավետիսյանը։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանը 2015-ին դստերը, Յուլյա Գասպարյանին նշանակել է ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, սակայն վերջինս առհասարակ ծառայության չի ներկայացել։ Լևոն Երանոսյանը լավատեղյակ է եղել, որ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին մնալու դեպքում Յուլյա Գասպարյանին չի կարող շնորհել փոխգնդապետի զինվորական կոչումը և 2018-ին հանձնարարել է կազմակերպել Յուլյա Գասպարյանին բարձր պաշտոնի նշանակելու գործընթացը։
Նա նշեց, որ դեպքից բավականին ժամանակ է անցել, շատ բան չի հիշում։ Խնդրեց, որպեսզի դատավարության մասնակիցներն իրեն հարցեր ուղղեն։ Արման Ավետիսյանի խոսքով՝ Յուլյա Գասպարյանը զբաղեցրել է օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնը, այնուհետև նշանակվել է անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին, որպեսզի հնարավոր լինի նրան փոխգնդապետի կոչումը շնորհել։ Այնուհետև 2 օր անց ոստիկանապետի դուստրը վերադարձվել է նախկին պաշտոնին։
Նա նշեց, որ Յուլյա Գասպարյանին երբեք չի հանդիպել աշխատավայրում, չի ճանաչել նրան, վերջինս իր ներկայությամբ փաստաթղթեր չի ստորագրել․ «Ներկայանալ-չներկայանալը իմ իրավասությունների մեջ չէր մտնում և գործընթացն իրականացնելու հանձնարարական կար, չէի կարող մնացած հարցերը տալ»։
Այլ հարցերի Արման Ավետիսյանը չկարողացավ պատասխանել, քանի որ, իր խոսքով, չէր հիշում, բավականին ժամանակ էր անցել։ Վկան նշեց միայն, որ Յուլյա Գասպարյանի նշանակումների վերաբերյալ ցուցումները ստացել է Լևոն Երանոսյանից․ «Այլ մարդ, ի պաշտոնե, նման ցուցում ինձ չէր կարող տալ»։
Այնուհետև հանրային մեղադրող Տիգրան Ենոքյանը նրան հարցեր ուղղեց Վահրամ Ղազարյանի վերաբերյալ։
Ըստ գործի նյութերի՝ ամբաստանյալ Վարդան Թունյանը Լևոն Երանոսյանին խնդրել է իր ծանոթ Վահրամ Ղազարյանին ընդունել ոստիկանության զորքերում ծառայության։ Նշված անձն ընդունվել է աշխատանքի, սակայն ծառայության չի ներկայացել։ Դրա փոխարեն կատարել է Թունյանի վարորդի պարտականությունները։
Արման Ավետիսյանն այս դեպքի մասին նույնպես շատ բան չէր հիշում։ Նա նշեց միայն, որ Ղազարյանը, իր հիշելով, Պաշտպանության նախարարությունից էր տեղափոխվել ոստիկանություն։ Նախագահող դատավորը հետաքրքրվեց վկայից՝ հնարավո՞ր է վերջինս առողջական խնդիրներ ունի, որ դեպքի մասին մանրամասներ չի հիշում։ Արման Ավետիսյանը բացասական պատասխան տվեց՝ արդարանալով․ «Օրական 7-8 նմանատիպ գործընթաց է իրականացվում կադրային օղակում»։
Դատավոր Վարդգես Սարգսյանը խնդրեց 2013-2020 թվականների ընթացքում մեկ դեպք նշել, երբ Յուլյա Գասպարյանից բացի որևէ ծառայող ծառայության չի ներկայացել, չներկայանալով առաջխաղացման է ներկայացել՝ նման ժամկետներով և ձևերով։ Ավեստիսյանի պնդմամբ՝ նման դեպք չի եղել։ Վարդան Թունյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները, դատարանը միջնորդությունը բավարարեց։
Նախաքննական ցուցմունքներում Արման Ավետիսյանը նշել էր, որ Յուլյա Գասպարյանին անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնում նշանակելու համար նույն պաշտոնից ավելի վաղ ազատել է Թաթոս Համբարյանին, վերջինիս զգուշացրել է՝ իր ազատումը ժամանակավոր է։ Համբարյանը համաձայնել է։ Ոստիկանապետի դստերը կոչում շնորհելու համար նրան հանձնարարական է տվել Լևոն Երանոսյանը, հորդորել նրան «անել և չհետաքրքրվել»․ «Քանի որ այդ անձի անուն-ազգանունից արդեն պարզ էր, թե նա ով է, ես նրա վերաբերյալ ավելորդ հարցեր չեմ տվել»։
Յուլյա Գասպարյանի նշանակման հրամանը ստանալուց հետո վկան կազմակերպել է Գասպարյանի և Համբարյանի փոխատեղման գործընթացը։ Նախաքննական ցուցմունքներով Ավետիսյանն ընդունել է, որ գործընթացը ձևական բնույթ է կրել, փաստաթղթերում ներառել է իրականությանը չհամապատասխանող ձևակերպումներ, տեղեկություններ։
«Յուլյա Գասպարյանի որակավորման փաստաթղթերում նշվել է, թե վերջինս իրեն դրսևորել է որպես բանիմաց, պարտաճանաչ և կարգապահ զինծառայող։ Նա պատշաճ ձևով կատարում է իր ծառայողական պարտքը, դժվարություններից չի խուսափում, մշտապես զբաղվում է իր մասնագիտական գիտելիքների ավելացման ուղղությամբ, ակտիվորեն մասնակցում է օպերատիվ բաժնում կատարվող աշխատանքներին։ Նույն փաստաթղթերով Յուլյա Գասպարյանը երաշխավորվել էր բարձր պաշտոնի նշանակվելուն»,-նշվում էր նախաքննական ցուցմունքում։
Այնուամենայնիվ, Արման Ավետիսյանը հայտնեց, որ իր տված նախաքննական ցուցմունքներում ամեն ինչ ճիշտ է գրված, ինքն ընթերցել է այն և դրա տակ ստորագրել։
Վկա Ռաֆայել Զաքարյանի հարցաքննությունը
Երկրորդը վկայություն տվեց կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետ Ռաֆայել Զաքարյանը։
Գործի նյութերի համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանի կողմից ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնելիս 15 միլիոն դրամով ձեռք է բերվել և իրացվել Գրիբոյեդովի փողոցում գտնվող մի բնակարան, որը հատկացրել է բնակարանի կարիք չունեցող Ռաֆիկ Զաքարյանին։
Նա դատարանում հայտարարեց, որ 1 սենյականոց բնակարանը իրեն տրվել է երկարամյա ծառայության համար, որպես խրախուսանք։ Նա նշեց, որ ոստիկանության ծառայողներին բնակարան հատկացնելու Կառավարության որոշման մասին գիտի, սակայն այն վերաբերում է կարիքավորներին․ «Ես կարիքավորների հաշվառման մեջ չեմ եղել, ես խրախուսման կարգով եմ ստացել բնակարանը։ Որպես խրախուսանք իմ 40 տարվա աշխատանքային վաստակի»։
Ռաֆայել Զաքարյանի խոսքով՝ իր և Վլադիմիր Գասպարյանի միջև միայն աշխատանքային հարաբերություններ են եղել։ Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը վկային հարց ուղղելիս նշեց՝ մեղադրանք այնպիսին է, որ ոստիկանապետը Զաքարյանին «լավություն անելու» անձնական շահագրգռվածությունից ելնելով է տվել տվյալ բնակարանը։
Ռաֆայել Զաքարյանը բացառեց դա՝ նշելով, որ բնակարանի հատկացման մասին իմացել է ոստիկանության տվյալ բաժնի ծառայողից և եթե դա «լավություն» լիներ, նա դրա մասին ոստիկանության պետից կիմանար․ «Ես անակնկալի եմ եկել, ես չեմ իմացել»։
Այնուհետև Էրիկ Ալեքսանյանը դատարանում հայտարարությամբ հանդես եկավ ու նշեց, որ Կառավարության որոշման պահանջները ենթադրաբար չպահպանելը իրենից չի ենթադրվում անձնական և այլ շահագրգռվածություն, հետևաբար՝ օրինական մեղադրանքի մասին խոսելն անիմաստ է։ Դատարանում հայտարարությամբ հանդես եկավ նաև նախկին ոստիկանապետի մյուս պաշտպանը, Ալեքսանդր Կոչուբաևը։ Նա նշեց՝ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնավարման ընթացքում (2011-2018թթ․) համակարգում պարգևատրվել են 100-ից ավել ծառայողներ՝ նույն Կառավարության որոշման հիմքով, սակայն գործով նրանցից միայն 3-ն են ընտրվել։
«Այս քրեական գործի սկիզբը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի զեկուցագիրն է եղել այն մասին, որ 3 ծառայողներին ապօրինի բնակարաններ են հատկացվել։ Ընդ որում, հենց Վալերիյ Օսիպյանն այս նույն հրամանով պարգևատրվել է, ստացել է բնակարան։ Վլադիմիր Գասպարյանին այս մեղադրանքը մեղսագրելով լուծվել են այլ խնդիրներ, հակառակ դեպքում, եթե ամեն ինչ ազնիվ և արդար է, մենք պետք է ունենայինք քրեական գործ՝ 100-ը գերազանցող դրվագով, որովհետև բոլոր ծառայողները պարգևատրվել են միևնույն հրամանով»,-նշեց Կոչուբաևը։
Վկա Կարեն Բաղդասարյանի հարցաքննությունը
3-րդը հարցաքննվեց Ոստիկանության տնտեսական վարչության գույքի հաշվառման բաժնի պետ, գնդապետ Կարեն Բաղդասարյանը։ Նա դատարանին հայտնեց, որ իրենց բաժնի գործառույթը բնակարանները ոստիկանության հաշվեկշռում ներառելը և դրանք կարիքավոր ոստիկաններին նվիրաբերելն է եղել։ Անհրաժեշտ փաստաթղթերը ստացել են իրավաբանական վարչությունը և ֆինանսաբյուջետային վարչությունը։ Կարեն Բադասարյանը ճանաչում էր Ռաֆայել Զաքարյանին, քանի որ վերջինս ժամանակին իր վերադասն է եղել։
Հանրային մեղադրող Տիգրան Ենոքյանը նշեց, որ Գարեգին Գասպարյանի և Ռաֆայել Զաքարյանին բնակարան հատկացնելու վերաբերյալ ֆինանսաբյուջետային վարչությունում փաստաթղթեր չեն հայտնաբերվել։
«Ես չեմ կարող ասել, հնարավոր չի, որ չլինի։ Սովորաբար էդ փոխանցումները, հատկացումները կատարվում են ֆինանսաբյուջետային վարչության կողմից։ Բնակարանային գործեր կազմվել են, քննիչները եկել են մեր իրավաբանական ծառայությունից տարել են այդ փաստաթղթերը։ Կոնկրետ ինչ՝ չեմ կարող ասել»,-դատարանում նշեց նա։
Նախագահողի որոշմամբ՝ հրապարակվեցին նաև Կարեն Բաղդասարյանի նախաքննական ցուցմունքները, որոնք մեջ վկան խոսել է Կառավարության հայտնի որոշման մասին, սակայն դատարանում չի կարողացել պատասխանել դրա վերաբերյալ հարցերին։ Բացի այդ, վկայի ցուցմունքներում էական հակասություններ կային, որոնք մատնացույց արեց նաև նախագահող դատավորը։ Վկան հայտարարեց, թե չի կարող Կառավարության որոշումը անգիր հիշել, քննիչը հատվածներ է ընթերցել, որոնք ցուցմունքում համադրվել են։
«Որևէ մեկը ՀՀ-ում, այդ թվում մեր հարգելի Կառավարության անդամները, չեն կարող հիշել այդ ծավալի Կառավարության որոշումը, որևէ մեկի վրա պարտականություն չկա։ Ձեզանից էլ որևէ մեկը չի պահանջում, որ հիշեք։ Հիմա, եթե իմ առաջ Կառավարության որոշումներից 100 հատ բացեք, ես էդ կարգին ծանոթ չեմ։ Եթե ինձ քննիչը հարցաքննի, իմ նկատմամբ բռնություն էլ գործադրի, որ ուզենա էլ ծեծի ենթարկի նախագահող դատավորին, ես չեմ կարող այդ հանգամանքների վերաբերյալ ցուցմունք տալ։ Ոստիկանության գնդապետ եք․ ինձ մոտ տպավորություն է, որ ժամկետային զինծառայողների եմ հարցաքննում այստեղ։ Ձեր ցուցմունքով ես որոշելու եմ Վլադիմիր Գասպարյանի ճակատագիրը, ինչքան էլ դա ամպագոռգոռ հնչի։ Ձեր ցուցմունքով որոշելու եմ Լևոն Երանոսյանի, Գուրգեն Գրիգորյանի, Վարդան Թունյանի ճակատագիրը։ Մի քիչ լուրջ վերաբերվեք այս հարցին»,-նշեց Վարդգես Սարգսյանը՝ հորդորելով վկայի հայտնել, եթե քննիչն իրեն ստիպել է Կառավարության որոշումից հատվածներ մեջբերել։
Վկան պնդեց․ քննիչը բացել է Կառավարության որոշումը, ինքն ընթերցել է․ «Ես հիշում եմ, որ իրավաբանական վարչությունում եղել են գործեր, որոնք հարգելի քննիչի մոտ պետք է լինեն»։
Դատավորը հարցրեց Կարեն Բաղդասարյանին՝ ինչու է նախաքննական ցուցմունքներում հայտնել, որ 3 ծառայողներին բնակարան հատկացնելու վերաբերյալ փաստաթղթեր չկան, սակայն պետք է լինեին․ «Քննիչի մոտ էլ չկա, դատարան էլ չի ուղարկվել»։
Վկան նշեց, որ Ռաֆայել Զաքարյանի և Գարեգին Գասպարյանի հարցերով չի զբաղվել։
Վարդգես Սարգսյանը նշեց, որ առկա հակասությունները վկան որևէ կերպ չկարողացավ պատճառաբանել և ինքն անիմաստ է համարում հարցաքննությունը շարունակելը․ «Առնվազ ինձ համար անհասկանալի է ոստիկանության գնդապետի պատասխանները, որ ինքն իր ցուցմունքը չի կարողանում պատճառաբանել։ Ձեր տված պատասխաններից ես չկարողացա հասկանալ, թե Ձեր տված ցուցմունքներից որն է արժանահավատ և առհասարակ, Ձեր ցուցմունքներն արժանահավատ են, թե արժանահավատ չեն»։
Վկա Գարեգին Գասպարյանի հարցաքննությունը
4-րդը հարցաքննվեց պետական պահպանության գլխավոր վարչության պետի նախկին առաջին տեղակալ Գարեգին Գասպարյանը։ Նրա՝ ամբիոնին մոտենալուց հետո դատավորը հայտարարեց, որ լավ հիշողություն ունի և առաջին անգամը չէ, որ վերջինս մասնակցում է դատական նիստերին․ «Դուք եկել եք այս դատական նիստերի դահլիճ»։
Վկան հաստատեց, եկել է, սակայն տեղեկացված չի եղել, որ չպետք է նիստին մասնակցեր։
«Նկատի ունենալով, որ պրոցեսը ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ուղիղ հեռարձակվում է, այն կանխավարկածով ենք առաջնորդվում, որ Գասպարյանը կարող էր նաև տանը այս տեսագրությունները նայել և վկաների հարցաքննությունը ունկնդրել»,-նշեց դատավորը։
Գարեգին Գասպարյանը հայտնեց, որ բնակարանը ստացել է կարիքավոր լինելու հիմքով։ Այն ժամանակ ուներ 3, իսկ հիմա 4 անչափահաս երեխա։ Ոստիկանության համակարգում է 2011 թվականից, տարբեր պաշտոններ է զբաղեցրել․ «Իմ ծառայակից ընկերների հորդորով՝ զեկուցել եմ պետերին, որ գյուղում եմ բնակվում, հայրական տանս։ Բնակարանի կարիք ունեմ, պատերազմի մասնակից եմ, ոչ մի բան չունեմ, Երևան գնալ-գալու խնդիր ունեմ»։
Որոշ ժամանակ անց վերջինս տեղեկացել է, որ խրախուսման կարգով ոստիկանությունը բնակարան կտրամադրի նրան։ Հանրային մեղադրողը նշեց, որ վերջինս բնակարան ստանալուց մոտ 1 տարի առաջ մասնաբաժին է ունեցել, սակայն հրաժարվել է դրանից։ Գարեգին Գասպարյանը հայտնեց, որ այդ բնակարանը ի սկզբանե պատկանել է իր մորը և հորաքրոջը, ինքը չգիտի, թե ինչպես են իրենց գրանցել սեփականության վկայականում և հրաժարվել է դրանից։
«Սեփականաշնորհման ընթացքում չգիտեմ, թե ինչպես է իմ անունը այդտեղ հայտնվել։ Ես 1992 թվականից այդ տնից դուրս եմ եկել ու տարիներով տուն չեմ գնացել։ Հայրս էլ ասաց՝ 5 երեխա եք, մամադ ու հորքուրդ են տունը ստացել։ Պետք է մայրդ որոշի, թե ում ա տալու։ Ես ու հայրս գնացել, նվիրատվություն ենք արել մամային»,-նշեց Գասպարյանը։
Տիգրան Ենոքյանը հայտնեց, որ Կառավարության արդեն բազմիցս հիշատակված որոշման համաձայն՝ անձը պետք է 5 տարի որևէ գույքի չտիրապետի, մասնաբաժին չունենա, որպեսզի վերջինիս, կարգի համաձայն, բնակարան տրամադրվի։ Սակայն իր հայրական տան մասնաբաժնից հրաժարվելուց մոտ 1 տարի հետո Գասպարյանին բնակարան է հատկացվել։
Հանրային մեղադրողը մեկ այլ հետաքրքիր հանգամանք էլ հայտնեց։ Ոստիկանության կողմից ստացած բնակարանը ոչ թե Գարեգին Գասպարյանի, այլ նրա մանկության ընկերոջ՝ Մարատ Ավետիսյանի անունով է գրանցված։ Վկան հայտնեց, որ 2018 թվականին իրեն ազատել են աշխատանքից, ունեցել է կուտակած պարտքեր, իսկ իր ընկերը, որը այժմ ՌԴ-ում է բնակվում, իրեն օգնել է։
«Ինքը Ռուսաստանից եկավ, ուզում էր տուն առներ։ Ես այն հոգեվիճակում էի, որ ուզում էի տունը ծախեի, որ նրա պարտքերը տայի։ Աշխատանքից հանել էին, մեծ ընտանիքը վզիս, անելանելի վիճակի մեջ էի։ Ինքը տեսավ հոգեվիճակս, որ ուզում եմ տունը ծախեմ, ասեց՝ պարտքը պետք չի, այդ տունը տուր ինձ»,-նշեց վկան՝ հավելելով, որ ընկերը թույլ է տվել նրան ապրել այդ տանը։
Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ ինքն ու Վլադիմիր Գասպարյանը բարեկամնե՞ր են։ Վկան նշեց, որ նրանք Սյունիքից են, իրենց պապերը նույն բնակավայրում են ապրել, սակայն նրանք մերձավոր ազգականներ չեն․ «Երևի, դրա ճիշտ պատասխանը գենետիկական փորձաքննությունը կտա»։
Էրիկ Ալեքսանյանի հարցին՝ նա արհեստականորե՞ն է իր վիճակը վատթարացրել՝ պետությունից բնակարան ստանալու համար, վկան բացասական պատասխան տվեց։
Դատավորը հետաքրքրվեց՝ Գարեգին Գասպարյանը հետաքրքրված է նախկին ոստիկանապետի ճակատագրով, դատարանի դատավճռով, թե վերջինիս համար միևնույն է։
Վկան նշեց, որ իրեն բնակարան տրամադրելու համար է Վլադիմիր Գասպարյանը մեղադրվում, իր համար միևնույն չէ․ «Գասպարյանը պետականամետ մարդ է եղել միշտ ու զինվորականներին բարձրա գնահատել։ Ինքն արել է մարդկայնորեն լավ արարք, օրենքն իրեն թույլ է տվել դա անել»։
Տիգրան Ենոքյանը դատարանում հայտնեց, որ նախաքննական ցուցմունքում Մարատ Ավետիսյանի վերաբերյալ վկան որևէ տեղեկություն չի հայտնել, նշել է, որ դա իր անձնական կյանքն է․ «Գտնում եմ, որ այդ հանգամանքը էական է»։
Հարցի վերաբերյալ Գարեգին Գասպարյանը նշեց, որ քննիչին չի հայտնել, հիմա է հայտնում՝ դատարանում։
Նիստը հետաձգվեց, վկաներից Իսրայել Սաֆարյանը կհարցաքննվի հաջորդ նիստին։
Եվգենյա Համբարձումյան