Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հունիսի 9-ին, տեղի ունեցավ Առուշ Առուշանյանի, Հարութ Լալազարյանի, Էրիկ Աղաջանյանի և Սամվել Դինունցի գործով նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պաշտպանական կողմը առարկեց դատական նիստը տեսանկարահանելու և լուսանկարահանելու վերաբերյալ լրագրողի ներկայացրած միջնորդությանը։ Դատարանն ինչպես փաստաբաններից, այնպես էլ Առուշ Առուշանյանից հետաքրքրվեց, թե որն է պատճառը։
«Ցանկություն չկա, քանի որ տարբեր լրատվամիջոցներ տարբեր կերպ են բնութագրում, տարբեր լուսանկարներ դնում, տարբեր մեկնաբանություններ գրում»,-նշեց ամբաստանյալը։
Պաշտպաններից Դավիթ Կարապետյանը հավելեց, որ եթե դատարանը գտնի՝ պետք է լուսանկարահանում իրականացվի, ապա թող բացառվի պաշտպանության կողմի լուսանկարահանումը, տեսանկարահանումը։ Դատարանը, նախագահությամբ՝ Արմեն Հովհաննիսյանի, կազմով՝ Սերգեյ Մարաբյանի և Կարեն Ամիրյանի, որոշեց թույլատրել միայն դատարանի և դատախազների լուսանկարահանումը։
Այնուհետև դատարանը քննարկեց հունիսի 12-ից 27-ը ամբաստանյալ Առուշ Առուշանյանին ԱՄՆ մեկնելու թույլտվություն տալու հարցը։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հրավիրում է վերջինիս Կալիֆոռնիայի նահանգում ընտրված պաշտոնյաների հետ բարձր մակարդակի հանդիպումների, հանդես գալու որպես բանախոս և հրավիրյալ խոսնակ՝ համայնքների համար կազմակերպված հանդիպման ժամանակ։
Առուշանյանն ավելացրեց, որ քննարկումներ է ունենալու ամերիկաբնակ հայերի հետ՝ սահմանամերձ գոտում բնակվող քաղաքացիների կյանքի որակը փոխելու, ներդրումներ ներգրավելու համար։ Նա նշեց նաև, որ հանդիպմանը հրավիրվել է նաև Կապանի համայնքապետը։ Հանրային մեղադրողները նշեցին, որ առարկում են միջնորդության դեմ, քանի որ դեռ պահպանվում են «ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցն ընտրելու հիմքերը։
Դատարանը ընդմիջում հայտարարեց, իսկ վերադառնալուց հետո հայտարարեց՝ որոշել են միջնորդությունը բավարարել։ Դատավոր Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ դատարանը միջնորդության բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ հրավերը Առուշ Առուշանյանը ստացել է որպես համայնքի ղեկավար։ Դատարանը հաշվի է առել նաև հանրային շահը։
Որոշման հրապարակումից հետո նախագահողն առաջարկեց լսել դատախազների բողոքի վերաբերյալ պաշտպանության կողմի դիտարկումները, իսկ հետո պաշտպանության կողմի վերաբերյալ դատախազների դիրքորոշումները։ Առաջինը դատարանում իր նկատառումները ներկայացրեց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Ըստ նրա՝ ներկայացված բողոքը հիմնավոր չէ և ենթակա է մերժման։ Նրա խոսքով՝ ի սկզբանե գործի հիմքում դրվել է Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքը և այլ մեղադրական բնույթի ապացույց գործի 4 հատորներում չեն ներկայացվել։ Ավետյանի միայն 3-րդ, 4-րդ և 5-րդ անգամ է մեղադրական բնույթի ցուցմունք տալիս՝ կալանավորումից հետո․ «Այստեղ գործ ունենք օրենքով չգրված հետևյալ կանոնի հետ․ «Ցուցմունք՝ ազատության դիմաց»։ Դրա մասին է հուշում իրավական ողջամտությունը»։
Այնուհետև Լուսինե Ավետյանը դատարանում հայտարարել է, որ իր կողմից տրված մեղադրական բնույթի ցուցմունքները իրականությանը չեն համապատասխանում։ Նա դրանք տվել է արգելանքից ազատվելու համար։
«Բացի ինձանից և պարոն Առուշանյանից այստեղ ոչ ոք չի կարող լիարժեք պատկերացնել, թե ինչ է նշանակում քրեակատարողական հիմնարկ։ Այն դեպքում, երբ խուցը 5-ը 4-ի վրա է և 6-7 քայլ անելու հնարավորություն չկա։ Մենք տղամարդիկ ենք, կարող ենք այդ ամենը ինչ-որ չափով տանել, բայց այդ ամենը տանելու հնարավորություն, կարծում եմ, ոչ բոլոր կանայք ունեն։ Հենց քրեակատարողական հիմնարկը, այդտեղ առկա պայմանները և վերջինիս առողջական վիճակն են պատճառ դարձել, որպեսզի վերջինս ստի, որի արդյունքում Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել և 8 ամսից ավել եղել է կալանքի տակ»,-նշեց փաստաբանը՝ հավելելով, որ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռն արդարացի է և բեկանման ենթակա չէ։
Էրիկ Ալեքսանյանը, խոսելով քրեակատարողական հիմնարկից, մատնանշեց նաև իր՝ այնտեղ գտնվելու «փորձը»։ Վերջինս մեկ այլ գործով ամբաստանյալի դատավարական կարգավիճակ ունի և կալանավորված է եղել։
Աշխատանքային օրն ավարտվեց, դատարանը որոշեց նիստը հետաձգել։ Մյուս պաշտպանները ելույթ կունենան հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա հուլիսի 7-ին, 12։30-ին
Հիշեցնենք՝ Առուշանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2022-ի մարտի 28-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և ինքնիրավչության համար։ Դատարանը որոշել էր համայնքի ղեկավարին 5 տարի ժամկետով զրկել տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից, տուգանել նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով, վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 ամիս 18 օր ժամկետով, որը պայմանականորեն չէր կիրառվել: Արդարացվել են նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը և ամբաստանյալներից 2-ը՝ Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանը և Հարութ Լալազարյանը՝ մեղավոր են ճանաչվել։
Առուշանյանն արդարացվել էր իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով։ Դատախազությունն այժմ պահանջում է բեկանել արդարացման դատական ակտը, կայացնել նոր որոշում և գործով անցնող ամբաստանյալներին, այդ թվում՝ Առուշանյանին, մեղավոր ճանաչել: