ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը Մոսկվայի վրա, տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն է անվանել, փոխանցում է РИА Новости-ն։
Երկրի ղեկավարի խոսքով՝ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակվելու Ուկրաինայի փորձը հաստատում է այն մեթոդները, որոնք Կիևն օգտագործում է իր գործունեության մեջ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Մոսկվան և Մոսկվայի շրջանը մայիսի 30-ին վաղ առավոտյան հարձակման են ենթարկվել անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Արդյունքում մի քանի շինություններ աննշան վնասվել են, ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Իշխանությունների տվյալներով՝ ոչ ոք հոսպիտալացման կարիք չի ունեցել, անօդաչու սարքերի հարվածած տների մի քանի մուտքերի բնակիչները տարհանվել են։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հարձակման հետևում կանգնած է «Կիևի ռեժիմը»: