Վիճաբանություն Երևանում հավանած աղջկան նայելու համար

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  Էրիկ Կարապետյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Ինչպես փոխանցում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. հոկտեմբերի 3-ին, իր համակրած աղջկան՝ Երևանի  դպրոցներից մեկի աշակերտուհի Արփինե Հակոբյանին նայելու համար պարզաբանումներ ստանալու նպատակով վիճաբանել է Կարեն Զաքարյանի և նրա ընկերների հետ:

Վիճաբանության ժամանակ սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածել է Կարենի ընկերներից՝ Սահակ Վիրաբյանի որովայնի շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ որովայնի առաջային պատի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով, որն ուղեկցվել է փայծաղի վնասումով, ներքին արյունահոսությունով և հեմոպերիտոնեումով։

Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նրան մեղադրանք առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ըստ որի` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել