Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 10-ին շարունակեց Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Մի քանի ժամ ուշացումով մեկնարկած դատավարությունը մի քանի անգամ հետաձգվել է կողմերի ուշացման պատճառով:
Այս նիստին ևս վկաները դատարան չէին ներկայացել, իսկ ոստիկանությունը գրություն էր ուղարկել, որ վկաներ Ռոման Ղարաքեշիշյանը, ով Կարեն Եսայանի ընկերն է, մի քանի օր գտնվում է Ծաղկաձորում, ավտոլվացման կետի աշխատակից Էդուարդ Խաչատրյանն աշխատում է Երևանում, իսկ մեկ այլ վկա՝ Օլգա Մախսոյանը, ըստ ոստիկանների ներկայացրած փաստաթղթի, տանը չի եղել:
Ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանն իր դժգոհությունն է հայտնել՝ նշելով, որ բերման ենթարկել չի նշանակում Գյումրիից կամ իր աշխատավայրից բերել դատարան, եթե գտնվում են Ծաղկաձորում, ուրեմն Ծաղկաձորից պետք է բերման ենթարկվի, եթե Երևանում՝ Երևանից: Դատարանը որոշում է ընդունել` առանց վկաների չդիտել տեսաերիզները և դատական նիստը հետաձգել է:
Հանրային թղթակից՝ Անահիտ Ալեքսանյան
Իրավաբան.net