Կնախատեսվեն նոր տեսակի՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ

Կառավարությունը մայիսի 4-ի նիստին հավանություն է տվել  «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: 

Նախագծով առաջարկվում է նախատեսել նոր տեսակի՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ:

Վերջիններս, պահպանելով օրենսդրությամբ արդեն իսկ նախատեսված՝ տառեր և թվեր պարունակելու պահանջը, մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից տարբերվելու են տառերի ու թվերի համադրությամբ, օրինակ՝ ՕՕ++ՕՕՕ և դրա տարբեր կոմբինացիաները:

Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման առաջնահերթության իրավունքը ստանալու համար կիրականացվի աճուրդ։  Ըստ հիմնավորման՝ գործող իրավակարգավորումներով նախատեսված է հաշվառման համարանիշների 3 տեսակ՝ հերթական, ցանկալի, մեծ պահանջարկ ունեցող:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, իսկ քաղաքացիներից ստացված դիմումների և մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում առավել գեղեցիկ և բարձր արժեք ունեցող համարանիշերը։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է պետական բյուջեում ծախսերի էական ավելացում, սակայն այս փուլում հնարավոր չէ կանխատեսել այդ չափը, քանի որ նախագծի ընդունումից հետո պետք է ՀՀ կառավարության նոր որոշմամբ սահմանվեն տրանսպորտային միջոցների հաշվառման առանձահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները, ինչպես նաև դրանց հատկացման աճուրդների անցկացման կարգը, իսկ դրան զուգահեռ՝ ՀՀ ՆԳ նախարարի հրամանով՝ նաև տրանսպորտային միջոցների հաշվառման առանձահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի աճուրդային մեկնարկային գները։

Նշված իրավական ակտերի նախագծման փուլում միայն հնարավոր կլինի կանխատեսել այն առավելագույն եկամուտը, որը ՀՀ-ն կստանա առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշները աճուրդի նվազագույն արժեքով իրացման դեպքում՝ կախված առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշի աճուրդի մեկնարկային գնի արժեքից և այդ համարանիշների չափորոշիչների արդյունքում ստացված քանակության հանրագումարից։

Գործող իրավակարգավորումներով նախատեսված է հաշվառման համարանիշների 3 տեսակ՝

ա) հերթական,

բ) ցանկալի,

գ) մեծ պահանջարկ ունեցող:

Այդ համարանիշերը հատկացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարման դիմաց, իսկ վերջին երկուսի դեպքում՝ ըստ հաշվառող անձի նախընտրության և կապված կոնկրետ համարանիշի չափորոշիչից, դրա օգտագործելու առաջնահերթության իրավունքը ձեռք բերելու համար նաև ՀՀ կառավարության 2020 թվականի թիվ 1496-Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված գումարի վճարման դիմաց (ըստ որի, դրանց համար ենթակա է վճարման սկսած 36.000 ՀՀ դրամից մինչև 8.000.000 ՀՀ դրամ գումար)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել