Ի՞նչ կարգով է փոխարինվում վատ որակի ապրանքը

Սպառողի կողմից ապրանքի թերությունների հայտնաբերման և այդպիսի ապրանքի փոխարինման պահանջ ներկայացնելու դեպքում վաճառողը կամ կոմիսիոները պարտավոր է փոխարինել այդպիսի ապրանքը նշված պահանջի ներկայացման օրից` յոթնօրյա ժամկետում, իսկ վաճառողի (արտադրողի) կամ կոմիսիոների կողմից այդպիսի ապրանքի որակի լրացուցիչ ստուգման անհրաժեշտության դեպքում` նշված պահանջի ներկայացման օրից` քսան օրվա ընթացքում:

Վաճառողի (արտադրողի) կամ կոմիսիոների մոտ նշված պահանջի ներկայացման օրը փոխարինման համար անհրաժեշտ ապրանքի բացակայության դեպքում վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է փոխարինել այդպիսի ապրանքը` նշված պահանջի ներկայացման օրից` երկամսյա ժամկետում:

Սպառողի պահանջով վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է փոխարինման ընթացքում ժամանակավոր օգտագործման համար սպառողին անհատույց հանձնել երկարատև օգտագործման նմանօրինակ ապրանք` ապահովելով իր հաշվին տեղ հասցնելը:

Ոչ պատշաճ որակի ապրանքը պետք է փոխարինվի նոր ապրանքով, այսինքն` չօգտագործված ապրանքով: Ապրանքի փոխարինման դեպքում երաշխիքային ժամկետը հաշվարկվում է նորից` ապրանքն սպառողին հանձնելու օրից սկսած:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել