Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է, բացառությամբ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերի: Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը:
Օտար լեզուների ուսուցման նպատակով կազմակերպվող հեռուստառադիոդասընթացները, ինչպես նաև երգերն ու երաժշտական այլ ժանրերի ստեղծագործությունները կարող են եթեր հեռարձակվել առանց հայերեն թարգմանության:
Արգելվում է լիցենզավորված անձանց կողմից հեռուստառադիոընկերությունների անվանումները, ազդականչերը և այլ ելքային տվյալները միայն օտար լեզուներով օգտագործելը: Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում արտերկրի համար հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների և ազգային փոքրամասնությունների լեզուներով տրվող հաղորդումների վրա:
Հանրային հեռուստառադիոընկերությունը և Հայաստանի Հանրապետությունում գործող այն մասնավոր հեռուստաընկերությունները, որոնք հեռարձակում են նաև մանկական և (կամ) լրատվական հեռուստահաղորդումներ, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել խուլուհամր հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը, օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական և լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով: