Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել.
«2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից հանդգնորեն այրվել է Ադրբեջանի դրոշը։
Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է ատելության նման մթնոլորտ, ապահովված չէ անվտանգությունը, ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին անհնար է հոգեբանական ճնշման պատճառով։
Այս ամենը հաշվի առնելով՝ որոշվել է ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել հայրենիք։ Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը»,- ասված է հայտարարության մեջ։
——————————
Հիշեցնենք, որ հագուստի մոդելավորող Արամ Նիկոլյանը ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնություն բացման արարողության ժամանակ այրեց Ադրբեջանի դրոշը։ Անվտանգության աշխատակիցները նրան հեռացրել են Մարզահամերգային համալիրից։ Ինչից հետո էլ Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։
Հայտարարությամբ է հանդես եկել նաև Արամ Նիկոլյանը՝ նշելով․ ««Իմ արարքը հայ տղամարդու, թասիբով հայի արարք է, որը երբևիցե չի հարում ինչ-որ քաղաքական ուժի, ունի իր սեփական կարծիքը և ունի իր տեսլականն այս ամեն ինչի վերաբերյալ։ Իմ ցանկությունը եղել է բացառապես անել այն, որ ՀՀ մայրաքաղաք Երևանում չծածանվի Ադրբեջանի դրոշը և ամենակարևոր բանը, որ երբեք չմտածեն, որ հայերը սովորում են կամ փորձում են հարմարվել ինչ-որ իրավիճակների»։
Լուսանկարը՝ Արմենպրեսի