ՀԱԿ ակտիվիստների գործի քննությունը լարված է ընթանում. Տիգրան Առաքելյանը բարկացած է

Վերաքննիչ դատարանում սկսվել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների գործով դատաքննությունը։ Ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի պաշտպանը` Ստեփան Ոսկանյանը, միջնորդություն ներկայացրեց իր վստահորդի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխելու համար: Տիգրան Առաքելյանը միացավ միջնորդությանը` նշելով, որ իր նկամամբ ընտրված կալանավորումը հիմնավորված չէ, իրեն առաջադրված մեղադրանքն` առավել ևս: Նա ջղային վիճակում է գտնվում և պարբերաբար ձայնը բարձրացնում է իրեն ընդհատող դատախազի և դատավորի վրա, իսկ նիստին ներկա մասնակիցները` ժամանակ առ ժամանակ բղավում են` «ազատություն»: Նիստը նախագահող դատավոր Եվա Դարբինյանը խոստացավ կրկնվելու դեպքում դատարկել նիստերի դահլիճը: Դատաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի չորս ակտիվիստները 2012 թվականի հուլիսի 20-ին դատապարտվել են 2-ից մինչև 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ քերական դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Ավելի ուշ Վճռաբեկ դատարանն ակտիվիստների հայցը բավարարել էր մասնակիորեն և գործն ուղարկել Վերքննիչ քրեական դատարան` նոր քննության։

Ըստ մեղադրական եզրակացության` Տիգրան Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ. օգոստոսի 9-ին ժամը 21-ի սահմաններում, Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 42 շենքի մոտ, Արտակ Վոլոդյայի Կարապետյանի հետ միասին, իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող, Տերյան փողոցում պարեկային ծառայություն իրականացնող ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ Վոլոդյա Գրիգորյանի և Դավիթ Մելիքյանի նկատմամբ, կապված նրանց կողմից իրենց ծառայական պարտականությունները կատարելու հետ, գործադրել են նրանց կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն` Տիգրան Առաքելյանը բռունցքով հարվածել է Դավիթ Մելիքյանի պարանոցին` վերջինիս պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող ճանկռվածքի ձևով մարմնական վնասվածք, իսկ Արտակ Կարապետյանը քաշել պոկել է նրա ուսադիրն ու տարբերանշանը: Գործով անցնում են նաև Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը: Վերջիններս ստորագրությամբ ազատ են արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը դատավարության ողջ ընթացքում կալանավորված է:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել