Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության դեմ «օրդերների» ֆոնին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրին։
Գործակալության զրուցակիցը ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերություններում Երևանի հնարավոր քայլերի «չափազանց բացասական» հետևանքների մասին։
Սահմանադրական դատարանը մարտի 24-ին հրապարակել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։
Բարձր դատարանը որոշման համաձայն՝ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը որոշման հրապարակման ժամանակ հայտարարեց, որ հատուկ կարծիք են ներկայացրել դատավորներ Հրայր Թովմասյանը, Արաիկ Թունյանը և Երվանդ Խունդկարյանը։
Մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդերներ է տվել։ Սա առաջին դեպքն է պատմության մեջ, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի ղեկավարի ձերբակալման օրդեր է տրվում։
Հիշեցնենք, որ Հայաստանը, դեռևս 2022-ի դեկտեմբերին, գործընթաց է սկսել 1998 թվականին ստորագրված, սակայն այդպես էլ չվավերացված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը հաստատելու համար։ 2004-ի օգոստոսին Հայաստանի Սահմանադրական դատարանն այս փաստաթուղթը ճանաչել էր այդ շրջանում գործող Սահմանադրությանը հակասող։
Կառավարությունը 2022-ին ևս մեկ անգամ կանոնադրությունը հաստատման ուղարկեց ՍԴ։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կարծիք է հայտնել, որ հնարավոր է դատարանն այժմ առարկություն չունենա, քանի որ 1995-ից հետո Հայաստանի Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է․ «Հաշվի առնելով Սահմանադրական երկու փոփոխությունների ծավալն ու խորությունը՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել, թե արդյոք կատարված սահմանադրական փոփոխությունների լույսի ներքո Սահմանադրական դատարանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել»:
Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, Հայաստանը հնարավորություն է տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու համար: 2021-ի մայիսից սկսած Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ագրեսիա են իրականացրել Հայաստանի դեմ, կատարել պատերազմական հանցագործություններ, ասված է հիմնավորման տեքստում։
Միջազգային քրեական դատարան քննում է ցեղասպանությունների, ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների դեպքերը, հետապնդում ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց։
Հարավային Կովկասում դատարանի կանոնադրությունը հաստատել է միայն Վրաստանը, աշխարհում այն վավերացված է 123 պետության կողմից։