Թուրքիայի պաշտոնական մամուլում հրապարակվել է մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրություններին առնչվող ընթացակարգի ժամանակացույցը: Ըստ այդմ՝ ընտրություններին դաշինքով մասնակցող կուսակցությունները մարտի 18-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում Բարձրագույն ընտրական խորհուրդ պիտի ուղարկեն իրենց կուսակցությունների դաշինքը փաստող արձանագրությունները:
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
«Resmi» պաշտոնաթերթի հրապարակման մեջ նշվել է, որ կուսակցություններն իրենց նախագահի թեկնածուներին վերաբերող դիմումները պետք է վերոհիշյալ խորհուրդ ուղարկեն մինչև մարտի 23-ը, իսկ Թուրքիայի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի մարտի 31-ին:
Արտերկրում ապրող թուրք քաղաքացիների համար անցկացվելիք քվեարկության օրերը սահմանվել են ապրիլի 27-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ, իսկ քաղաքական գործունեությամբ զբաղվող այն կուսակցությունները, որոնք գտնվում են Թուրքիայի սահմաններից դուրս, պետք է իրենց ընտրացուցակը ներկայացնեն մինչև ապրիլի 9-ը։
Թերթի հրապարակման մեջ նշվել է Թուրքիայի նախագահի թեկնածուների անունները պարունակող քվեաթերթի մասին, ըստ որի անունների դասակարգումը տեղի կունենա ապրիլի 1-ին վիճակահանության միջոցով:
Կուսակցությունների և կուսակցական դաշինքներով ընտրություններին մասնակցողների անունների դասակարգումը քվեաթերթում տեղի կունենա նույն տարբերակով ապրիլի 8-ին: