Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու պահանջին։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, թե Լաչինի միջանցքը, իբր, փակ չէ, և որ Բաքուն «ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ ճանապարհով անարգել երթևեկությունն ապահովելու համար»։
«Սահմանային անցակետի ստեղծումն անհրաժեշտ է թափանցիկություն և անվտանգություն ապահովելու համար»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։
Ավելի վաղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել էր փակ Լաչինի միջանցքի սկզբնամաս ու պահանջել բացել այն։
«Լաչինի միջանցքն արդեն երեք ամիս փակ է նորմալ երթևեկության համար։ Սյունիքի մարզպետ Ղուկասյանը զեկուցեց շարունակվող արգելափակման հետևանքների մասին, այդ թվում՝ հարյուրավոր բաժանված ընտանիքների համար: Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի»,- այցելությունից հետո գրել էր դեսպանը թվիթերյան իր էջում։