Լավրով. Հայաստանի անվտանգությանը ռուսական սպառնալիքի մասին հայտարարությունները մնում են Փաշինյանի խղճին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները երկրի անվտանգության համար երկրում Ռուսաստանի ռազմական ներկայության սպառնալիքի մասին մնում են Հայաստանի ղեկավարի խղճին։ Այս մասին Բաքվում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Minval-ը։

«Հայաստանի ղեկավարի (Նիկոլ Փաշինյանի-խմբ․) Ձեր կողմից մեջբերված հայտարարություններն ամբողջությամբ թողնում եմ նրա խղճին»,- ասել է նա։

Հունվարի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր այն թեզին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար։

«Վերջին շրջանում Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները արևմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում բացատրում է հետևյալ կերպ, ասում է՝ մենք մտավախություններ ունենք, որ Հայաստանը և Ռուսաստանը համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ, և մենք ահա, կանխարգելիչ գործողություններ ենք ձեռնարկում»,-ասել է վարչապետն այսօր ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ այս հայտարարություններն աբսուրդ են, բայց Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այս խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում։

«Մենք Ռուսաստանի մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ իրենց չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի համար, այլև ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար»,-հայտարարել է Փաշինյանը։

Ըստ նրա՝ սա անընդհատ խոսակցություն է եղել, «այլ բան, որ մենք հիմնականում աշխատել ենք այս խոսակցությունները պահել աշխատանքային խորհրդապահական մակարդակով»։

«Ես հիմա այս մասին խոսում եմ, որովհետեւ չեմ կարող թույլ տալ, որ Հայաստանի հանրությունը տպավորություն ստանա, թե մենք մեր բանակցություններում, հարաբերություններում ՀՀ շահերին առնչվող որևէ հարց չենք հետապնդում բավարար չափով»,-ասել էր նա ասուլիսի ժամանակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել