Հայաստանը անհիմն կերպով խուսափում է կառուցողական բանակցություններից, այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը․ այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա կարծիքով՝ Հայաստանը լուրջ հարված է հասցնում բանակցություններին։
«Հիմա, եթե կարելի է այդպես ասել, մենք այս ոլորտում անցել ենք առցանց դիվանագիտության, բայց ժամանակը ցույց կտա, թե որքանով դա արդյունավետ կլինի»,-նշել է նա:
Բայրամովը նշել է, որ Լաչինի ճանապարհի հանրահավաքի մասնակիցները «ողջամիտ պահանջներ են ներկայացրել, հարցերը բաց են մնում»։
Պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հաջորդ շաբաթ Ադրբեջան կատարելիք այցի մասին հարցին՝ նախարարն ասել է, որ ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը կքննարկվեն ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային հարցերը։
«Կարծում եմ՝ այս հանդիպումը լավ հնարավորություն կլինի։ Բացի մեր երկկողմ հարաբերություններից, քննարկման առարկա կդառնան տարածաշրջանային խնդիրները»,- ասել է Բայրամովը։