Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով գրանցված զոհերի թիվը հասել է 43 556-ի։ Նման տվյալներ է հրապարակել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, փոխանցում է Anadolu-ն։
Միևնույն ժամանակ հարևան Սիրիայում, ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտարանի, զոհերի թիվը հասել է 6747-ի: Այսպես, 2226 մարդ զոհվել է այն շրջաններում, որոնք գտնվում են սիրիական կառավարության վերահսկողության ներքո, իսկ 4521-ը՝ Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածներում, որը գտնվում է ընդդիմության վերահսկողության տակ։
Փետրվարի 6-ին թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և գտնվում են հիվանդանոցներում։ Բազմաթիվ մարդիկ ձմեռային պայմաններում մնացել են առանց տանիքի և սպասում են հումանիտար օգնության։