Լյուքսեմբուրգի նախարարի ցուցաբերած կանխակալ դիրքորոշումը բացարձակապես անհիմն է․ Ադրբեջանի ԱԳՆ

Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները փետրվարի 22-ին Լյուքսեմբուրգի եվրոպական հարցերով ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ մամուլի ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է Minval-ը։

«Հայկական կողմն իր հայտարարությամբ ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ»,-նշվում է հայտարարության մեջ։

Միրզոյանը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի իր առավելապաշտական մոտեցումներից, ռազմատենչ հռետորաբանությունից և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներից և գա կառուցողական քննարկումների ու բարեխիղճ բանակցությունների դաշտ:

«Գործընկերոջս հետ անդրադարձել ենք Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի անհապաղ հանգուցալուծման անհրաժեշտությանը: Տեղեկացրել եմ, որ Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի, այլև իրենց իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի փաստաթղթի կոպտագույն և ակնհայտ խախտում է:

Արդեն իսկ երկուսուկես ամիս հումանիտար ճգնաժամին զուգահեռ Ադրբեջանը նաև էներգետիկ ճգնաժամ է հրահրել Լեռնային Ղարաբաղում: Ձմեռային ցրտաշունչ պայմաններում Ադրբեջանի իշխանությունները բազմիցս միտումնավոր խափանել ու շարունակում են խափանել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարումը: Արգելափակված է նաև Լեռնային Ղարաբաղ էլեկտրական հոսանքի մատակարարումը:

Ադրբեջանի այս գործողությունների նպատակը հստակ է՝ ստեղծել այնպիսի անտանելի պայմաններ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լքի իր պատմական հայրենիքը: Սրա մասին են վկայում նաև Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հրապարակային, բաց տեքստով հնչեցվող հայտարարությունները»:

Հայտարարության մեջ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ադրբեջանական կողմը հայտարարում է, թե նման պնդումները կեղծ են․ «Տարածաշրջանում բնակվող հայազգի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը կտրամադրվեն Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենսդրական ակտերին համապատասխան»։

Ադրբեջանական կողմը նաև հայտարարել է, թե պատրաստ է երկխոսել ոչ թե դրսից Արցախ ժամանած և իրենց որպես հայ բնակիչների ներկայացուցիչներ ներկայացրած անձանց հետ, այլ այն ներկայացուցիչների հետ, ովքեր, ինչպես նախկինում, իրավունք ունեն ներկայացնելու հայ բնակիչներին։

«Տարածաշրջանում տիրող իրավիճակին անտեղյակ և միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքներին լիովին հակասող Լյուքսեմբուրգի նախարարի ցուցաբերած կանխակալ դիրքորոշումը բացարձակապես անհիմն է։ ․․․Մենք կրկնում ենք, որ նման սադրիչ և կողմնակալ հայտարարությունները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ տարածաշրջանի հետագա զարգացման և առաջընթացի համար՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների հարգման վրա»,-նշում է ադրբեջանական կողմը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել