ԱՄՆ պաշտպանության նախարարությունը փետրվարի 20-ին հայտարարել է Ուկրաինային 460 միլիոն դոլար ընդհանուր ծավալով ռազմական օգնության հերթական փաթեթ հատկացնելու մասին, փոխանցում է Европейская правда-ն։
Ըստ ցուցակի՝ փաթեթը ներառում էր լրացուցիչ զինամթերք HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգի համար, 155 մմ հրետանային արկեր և 120 մմ ականանետեր։
Փաթեթում կան նաև չորս ռադիոտեղորոշիչ համակարգեր, Javelin լրացուցիչ հակատանկային համակարգեր և պայթուցիկ արկեր (թիվը չի նշվում), մոտ 2000 հակատանկային հրթիռ, չորս հետևակի «Բրեդլի» մարտական մեքենա, երկու մարտավարական մեքենա, Claymore հակահետևակային ականներ, գիշերային տեսողության սարքեր, կապի սարքավորումներ, բժշկական պարագաներ և տեխնոլոգիայի պահեստամասեր:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի 400 մլն դոլարի չափով ռազմական օգնության վերջին փաթեթի մասին նախապես հայտարարվել էր հունվարի վերջին, այն ներառում էր, մասնավորապես, M1 Abrams տանկերը։ Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության ընդհանուր ծավալը 2022 թվականի փետրվարից արդեն գերազանցել է 28 միլիարդ դոլարը։