Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցքով – խմբ.) ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։

«Իրականացվել է մարդասիրական բեռով ՌԲԿ ավտոշարասյան ուղեկցում Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում երեք երթուղիներով։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,7 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 2 պայթյունավտանգ առարկա:

ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել