Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հունաստանն առաջին երկրներից է, որը օգնություն է առաջարկել Թուրքիային Քահրամանմարաշի երկրաշարժից հետո, փոխանցում է Anadolu-ն։
Այս մասին Չավուշօղլուն հայտարարել է Հաթայի ավերածությունների գոտի այցելած Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման ժամանակ։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ հունական կողմն անմիջապես Թուրքիա է ուղարկել որոնողափրկարարական խմբեր և բազմաթիվ ինքնաթիռներ՝ մարդասիրական օգնությունով։
Թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Դենդիասի այցը երկրաշարժի գոտի Թուրքիայի հետ Հունաստանի և հույն ժողովրդի համերաշխության ցուցանիշն է։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարար Խրիստոս Ստիլիանիդեսն անձամբ է ժամանել Ադանա և օգնություն է հասցրել Թուրքիային։
Արտգործնախարարը հիշեցրեց նաև, որ 1999 թվականին Թուրքիայում և Հունաստանում մեկամսյա ընդմիջումով տեղի ունեցած երկրաշարժերի ժամանակ երկու երկրներն էլ միմյանց օգնության ձեռք մեկնեցին։
«Հուսով եմ՝ մենք ջանքեր կգործադրենք երկխոսության միջոցով տարաձայնությունները լուծելու համար։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում իմ ընկեր Նիկոս Դենդիասին, Հունաստանի կառավարությանը և ողջ հույն ժողովրդին այս դժվարին ժամանակներում ցուցաբերած աջակցության համար»,- ասել է Չավուշօղլուն։