Թուրք-հայկական սահմանի Ալիջան անցակետը փետրվարի 11-ին բացվել է 35 տարվա մեջ առաջին անգամ՝ մարդասիրական օգնություն հասցնելու երկրաշարժի գոտի, որի էպիկենտրոնը գտնվում է թուրքական Քահրամանմարաշում, գրում է Anadolu-ն։
Հայաստանում հինգ բեռնատարներով հավաքված մարդասիրական պաշարները հայկական պատվիրակության անդամների հետ անցակետով շարժվեցին դեպի Թուրքիա։
Հայկական պատվիրակությանը Թուրքիայի Իգդիր նահանգում դիմավորել են զինված ուժերի և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները։ Անհրաժեշտ ընթացակարգերն ավարտելուց հետո պատվիրակությունը մեկնել է աղետի գոտի։
Թուրք-հայկական սահմանի Ալիջան անցակետն օգտագործվել է 1988 թվականի երկրաշարժերի ժամանակ Հայաստան մարդասիրական պաշարներ հասցնելու համար։ Այն ժամանակ թուրքական Կարմիր մահիկի ընկերության միջոցով հավաքագրված օգնությունը հասցվել է Հայաստանի աղետի գոտի։
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը Twitter-ում շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին։
«Ուրախ եմ, որ կարողացա օգնել»,- գրել է Ռուբինյանը սոցցանցում։